08/09/2024

Վարդան Ղուկասյանի և Բալասանյանի ապօրինի գույքերը․ Գյումրիում թեժ զարգացումներ են սպասվում

ՀՀ գլխավոր դատախազությունը գրություններ է ուղարկել Գյումրի համայնքի ավագանուն՝ ներկայացվել են առաջարկություններ Գյումրու քաղաքապետի թվով 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

Դրանք պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր են, որոնք առնչվում են Գյումրու նախկին երկու քաղաքապետների՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կայացրած թվով 24 որոշումներին։

Ներկայացված առաջարկություններով հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի մի շարք որոշումներով խախտվել են պետության կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։

Խոսքը Գյումրիի մի շարք շենքերին և հողատարածքներին է վերաբերում, որոնք օտարվել են օրենքի խախտումներով։ Այդ գույքերի թվում են Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկի այգում գտնվող «Օազիս» ռեստորանի տարածքը, Սև բերդն ու դրան հարակից հողատարածքները, Սայաթ-Նովա փողոցի այգին, այգու տարածքում կառուցված «Հրաշքների աշխարհ» անունով հայտնի շենքի տարածքը և այլն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հուսով է, որ չնայած ավագանու մյուս խմբակցությունները չեն արձագանքել դատախազության գրությանը, այնուամենայնիվ կմասնակցեն վաղը կայանալիք նիստին ու կողմ կքվեարկեն ՔՊ-ի բերած նախագծին։

Չնայած գույքերից երկուսը օտարվել են Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին, բայց պատգամավորը հուսով է, որ «Բալասանյան» դաշինքը կմասնակցի նիստին։

Ավագանու «Հանրապետական» խմբակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել նիստին։ Մյուս խմբակցությունները դիրքորոշում դեռ չեն հայտնել։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կոչ արեց գործընկերներին մասնակցել նիստին՝ համայնքային շահը սպասարկելու համար։

ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք՝ քվորում ապահովելու համար։ Եթե քվորում չլինի, կամ ավագանին դեմ քվեարկի, այլևս ոչ թե ավագանին կդիմի դատարան, այլ այդ իրավասությունը կստանձնի դատախազությունը։

Արդյոք այս գործընթացները կապ ունե՞ն Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավոր որոշման հետ։ Կարեն Սարուխանյանն ասաց՝ իրենք ցանկացած պահի են պատրաստ ընտրությունների՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական։

Սարուխանյանն ասաց, որ ինքը ևս պատգամավորական լիազորությունների շրջանակներում մասնակցելու է ավագանու նիստին՝ հետևողական լինելու համար, որպեսզի համայնքի շահը պատշաճ կերպով սպասարկվի։