14/12/2024

Աֆիյանի սպանությանը նախորդել է զինված քաշքշուկը. հրապարակվել են կադրեր Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ դեպքից

Շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել դեպքից և հրապարակել միջադեպի վայրից տեսանյութ:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին և 19-ամյա Լ․Բ-ին (Լևոն Բանդուրյանին՝ քրեական հեղինակություն «Նորատուսցի Արայի» որդուն): Վերջիններս կալանավորված են։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, որը Տավուշի մարզի 39-ամյա բնակիչ Դ․Հ․-ն է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19-ամյա երիտասարդը՝ Լ․ Բ․-ն, և 40-ամյա տղամարդը՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37- և 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37-ամյա և 42-ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում տեսնելով, որ 42-ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց, այդ թվում նաև անչափահասների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ․Հ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դ․Հ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանվածը Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանն էր, որի մահվան գործով կալանավորվել է 2 անձ, նրանցից մեկը Լևոն Բանդուրյանն է՝ քրեական հեղինակություն «Նորատուսցի Արայի» որդին:

Հուլիսի 17-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56-ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչները։

Մահացած Արսեն Աֆիյանը Սևանում եղել է հայտնի ատամնաբույժ, ավագանու անդամ: