16/09/2024

Ծովափում հանգստացող, վարժական հավաքից շորտիկով խուսափող «Marshall Military» խանութների սեփականատերերից «հայրենասեր» Էդուարդ Հայրումյանը ստում է. Լուսանկար

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը մի ամբողջ ռեպորտաժ է նվիրել «Marshall Military» զինվորական պարագաների խանութների համասեփականատեր Էդուարդ Հայրումյանին, ով այժմ ծովափում իր ամառային հանգիստն է վայելում։

Ռեպորտաժում տեղ են գտել մի շարք կեղծ տեղեկություններ, որոնք լրատվամիջոցներին հայտնում է մի մարդ, ով իր պատկառելի ունեցվածքին տեր է դարձել զինվորականների շրջանում ծավալած բիզնես գործունեության արդյունքում։
Էդուարդ Հայրումյանը երկար տարիներ բնակվել է Հայաստանում՝ Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։

Հետաքրքիր է, թե զինվորականները և բանակի զինծառայողները, տեսնելով վարժական հավաքներից այսպես և այդքան ջանադրաբար խուսափող զինվորական պարագաների խանութների համասեփականատիրոջ վարքագիծը, և թե ինչպես է վերջինս տարբեր մեթոդների դիմում՝ վարժական հավաքներից խուսափելու համար, ինչպես են շարունակելու օգտվել (եթե շարունակեն օգտվել) նրա մատուցած ծառայություններից։

Զինկոմիսարիատը, նախքան «Ազատություն» ռադիոկայանի վերոհիշյալ հարցազրույցի հրապարակումը, ընդառաջել է Էդուարդ Հայրումյանի խնդրանքին՝ հաշվի առնելով քաղաքացու՝ տոմսեր գնած լինելու և հանգիստն արտերկրում կազմակերպելու հանգամանքը, և թույլատրել մեկնել հանրապետությունից՝ պայմանով, որ վերադառնալուց հետո ներգրավվելու է վարժական հավաքներում։

Զարմանալի է նաև, որ երկար տարիներ զինվորականների շրջանում բիզնես գործունեություն ծավալած անձնավորությունը տեղյակ չէ զինկոմիսարիատի տարածք համապատասխան հագուստով մուտք գործելու մասին, որն ամրագրված է պաշտպանության նախարարի հրամանով և հարգանքի նշան է զինվորական հաստատության նկատմամբ։

Մեկ այլ շահարկում, որ տվյալ ռեպորտաժում անում է Էդուարդ Հայրումյանը՝ նշելով, թե նա օգոստոսի 1-ի դրությամբ դեռ փախստականի կարգավիճակ է ունեցել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Էդուարդ Հայրումյանը տարիներ շարունակ բնակվել է Երևանում ու բիզնես գործունեությունը ծավալել է ՀՀ մայրաքաղաքում (այսինքն ԼՂ-ից փաստացի բռնի տեղահանված չի կարող լինել) և փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքը շահարկում է՝ վարժական հավաքից խուսափելու նպատակով:

Էդուարդ Հայրումյանին ՀՀ քաղաքացիություն նախագահի հրամանագրով շնորհվել է 2024 թվականի հուլիսի 19-ին, իսկ երդումն ընդունել է օգոստոսի 1-ին և անմիջապես հաշվառվել տարածքային զինկոմիսարիատում: Ուստի հարց է առաջանում՝ ինչու՞ է նշված անձը, որ վարժական հավաքին ներգրավվելը պատիվ է համարում, դիմում լրատվամիջոցների օգնությանը։ Գուցե կարծո՞ւմ է, թե աղմուկ անելով ՊՆ-ն զերծ կմնա իրեն վարժական հավաքի ներգրավվելուց:

Մենք նաև դիմելու ենք ՀՀ ՊՆ-ին՝ պարզելու արդյոք ծագումով արցախցի Էդուարդ Հայրումյանը մասնակցե՞լ է արցախյան 44-օրյա պատերազմին: