10/09/2024

Բարձրաստիճան մի շարք նախկին պաշտոնյաներ դատախազության թիրախում. 2 վճիռ, 4 հաշատության համաձայնագիր, 526 մլրդ դրամի հայցադիմում

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռգնագանձման գործերով վարչությունը հերթական ծանուցումներն է ուղարկել նախկին պաշտոնյաների, որոնց գույքի մի մասը իրավապահ կառույցը համարում է ապօրինի ձեռք բերված։

Մասնավորապես՝ ծանուցագրեր են ուղարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջը, դստերն ու որդուն։

Հաջորդ ծանուցագիրը դատախազությունը ուղարկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանին և նրան փոխկապակցված ևս մի քանի անձի։

Բացի դա՝ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանը, նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սոնա Սարգսյանը ևս կանչվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռգնագանձման գործերով վարչություն։

Նախկին պաշտոնյաները դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 13-ին։ Նրանք կարող են ապացույցներ ներկայացնել, որ դատախազության կողմից նշված գույքերը, որոնք առայժմ չեն հրապարակվում՝ օրինական ծագում ունեն։ Հակառակ դեպքում դատախազությունը հայցերով կմտնի հակակոռուպցիոն դատարան՝ գույքերը բռնագանձելու պահանջով, եթե պատասխանող կողմերը չգնան հաշտության։

Դատախազությունը Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող 16 անշարժ գույքն ու 224 մլն դրամն է ապօրինի համարում։ Նրա գույքերի վրա կալանք է դրվել։

Ղուկասյանն անցնում է նաև քրեական գործով։ Ըստ մեղադրանքի՝ նա իր պաշտոնավարման ընթացքում ապօրինի եղանակով սեփականաշնորհել է քաղաքին պատկանող բազմաթիվ գույքեր և հողամասեր։ Գործը դատարանում է՝ դատաքննության փուլում։

Նշված 22 գույքերն ու հողամասերը համայնքին վերադարձնելու պահանջով Գյումրու համայնքապետարանը նաև վարչական դատարան կդիմի։ Այդպիսի որոշում կայացրեց Գյումրու ավագանին։

Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանը 2017 թվականին թերթերից մեկին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ երիտասարդ տարիքում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել։

«Եթե պետական պաշտոնի ենք նշանակված եղել, նշանակում է՝ ձեռքներս պետք է ծալած նստեի՞նք», – ասել է Սանամյանը:

Նա նաև Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղ»-ի փեսան է։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի և նրա զավակների ապօրինի համարվող գույքի բռնագանձման գործը արդեն հակակոռուպցիոն դատարանում է։

Լևոն Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է համարում մեկ բնակարան, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ: Որդուց՝ Նարեկ Սարգսյանից պետությունն ավելի մեծ պահանջներ ունի՝ ապօրինի է համարում նրա 8 անշարժ գույքը՝ դրանց մեծ մասը Արմավիրում է, 1-ը՝ Երևանի կենտրոնում՝ Բուզանդի փողոցի վրա, 2 հողամաս` Ֆուչիկի փողոցում, մեկ հողամասն էլ Դիլիջանում, մեկ մեքենա և 2.5 միլիոն դոլարի ավանդ։ Անի Սարգսյանի դեպքում ապօրինի է որակվել միայն 760 հազար դոլարի ավանդը։ երեք վարույթների արդյունքում անշարժ կամ շարժական գույքերի և մեկ ընկերության շուկայական արժեքը 1 միլիարդ 260 միլիոն դրամ է կազմում։

Ընդհանուր առմամբ Գլխավոր դատախզությունը 2024 թվականի մայիսի 3-ի դրությամբ 103 հայցադիմում է ուղարկել դատարան՝ 526 մլրդ դրամի հայցով։

2023 թվականի ընթացքում կնքվել է 4 հաշտության համաձայնություն։ Դրանցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գունք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով՝ ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը նաև 2 որոշում է կայացրել՝ մասնակիորեն բավարարելով դատախազության հայցերը։ Մասնավորապես՝ դատավոր Կարապետ Բադալյանի վճռով որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայատանի կբռնագանձվի Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոց, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։

Մյուս վճռով, որը կայացրել է դատավոր Նարինե Ավագյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսայից՝ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և Գագիկ Ծառուկյանի դստերից՝ Ռոզա Ծառուկյանից, հօգուտ Հայաստանի՝ նախատեսվում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի շուրջ 92 տոկոսը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմս, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի նաև 1.286.545.113 ՀՀ դրամ։