Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգները Վրաստանում «գունավոր հեղափոխություն է նախապատրաստում»:
Ըստ տեղեկությունների, վրացական ՀԿ-երը «վոլանտյորներ են հավաքագրում, որպեսզի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը բոլոր տեղամասերում հետևեն իշխանության քայլերին և անհրաժեշտ նյութեր հավաքեն»:
ՌԴ ԱՀԾ վարկածով՝ իշխող կուսակցությունը «բնակչության աջակցությունն ստանալու բոլոր հնարավորություններն ունի, քանի որ ընդդիմությունը մասնատված է, իսկ կազմավորվող դաշինքները՝ խիստ անկայուն»: Այդ պատճառով վրացական ՀԿ-երը «հրահանգավորվել են, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո կազմակերպեն բողոքի ակցիաներ, դավագրգռեն ուժային կառույցներին և նրանց մղեն ուժի անհամաչափ կիրառման»:
Դա, ըստ Ռուսաստանի ԱՀԾ-ի, Վաշինգտոնին «առիթ կտա չճանաչել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և զանգվածային անկարգությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն»:
Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը և ամփոփում, որ ընտրություններին ընդառաջ ձևավորվել է «Միասնություն հանուն Վրաստանի փրկության» ընդդիմադիր դաշինք, որին մաս են կազմում նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» և «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունները, ինչպես նաև մի քանի այլ ուժեր:
ՌԴ ԱՀԾ տարածած այս հաղորդագրությունը խիստ արտառոց է, եթե նկատի ունենանք, որ Վրաստանը ոչ միայն հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կազմավորած ռազմական եւ տնտեսական դաշինքների, այլեւ նույնիսկ ԱՊՀ անդամ չէ։ Ավելին, երկու երկրները ֆորմալ առումով գտնվում են պատերազմի մեջ եւ դիվանագիտական հարաբերություններ չունեն, ինչից հետեւում է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցություն չի կարող լինել։
Վրաստանի իշխանություններին ՌԴ ԱՀԾ այս «տեղեկատվական աջակցությունը» փաստացի նշանակում է, որ Մոսկվան «Վրացական երազանքին» ուղղակի հանձնարարում է ընտրություններում ամեն գնով հաղթել՝ կանգ չառնելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ «նախապաշարումների» առջեւ։
Թբիլիսին հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների չի գնա եւ չի հրաժարվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծից։ ՌԴ ԱՀԾ «գաղտնազերծումը» հաջորդում է դրան, ինչպես նաեւ՝ Փարիզում Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալությանը։ Ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլի այդ թեմայով բոլոր հրապարակումներում գերիշխում է տեսակետ, որ Դուրովից «պահանջում են Telegram-ի օգտատերերի եւ գրագրությունների ապակոդավորման բանալիները»։
Բացառված չէ, որ Telegram-ը ունի «հարավ-կովկասյան դոսյե»։ Դրա մի կամ մի քանի «թղթապանակները» կարող են վերաբերվել Վրաստանին, որի փաստացի առաջնորդն ռուսաստանցի մուլտիմիլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։
Վրաստանի փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Իվանիշվիլին Վլադիմիր Պուտինին խոստացել է «օրինականացնել օֆշորներում շրջանառվող 400 միլիարդ դոլար»։
Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը ԽՄԿԿ «ոսկին օգտագործում է ահաբեկչություն ֆինանսավորելու նպատակով»։ ՌԴ ԱՀԾ «օժանդակությանը» ինչպե՞ս կարձագանքի Բիձինա Իվանիշվիլին։ Նրան փաստորեն հրահանգված է հաղթել, իսկ եթե չհաջողվի՝ ստեղծել իրավիճակ, որպեսզի Մոսկվան Թբիլիսիում «օրինական իշխանություն եւ կարգուկանոն հաստատելու առիթ ունենա»։
Հայաստանում անոնսավորվող ընդդիմադիր «հուժկու շարժումը» պետք է նույն համատեքստում դիտարկել։ Իսկ դա Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը էքզիստենցիալ սպառնալիք է։
Բաց մի թողեք
Ո՞ւմ շարքերում է Ռոբերտ Քոչարյանին «լավություն» արած «կադրային չեկիստը». Լուսանկար
Ադրբեջանը պետական անկախությամբ պարտական է Օսմանյան կայսրությանը
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին