15/11/2026

EU – Armenia

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Ռուսաստանը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի եվրոպական դաշնակիցներին միջուկային պաշտպանության երաշխիքներ տրամադրելուց՝ այդ պայմանը ներառելով Ուկրաինայում պատերազմի կարգավորման իր պահանջների շարքում։

Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով ռուս բանակցողների պատրաստած փաստաթղթին։

Պարբերականը նշում է, որ բրիտանական միջուկային սուզանավերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս են կազմում։ Եվրոպայում, Ռուսաստանից բացի, միջուկային զինանոց ունեն միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիան եվրոպական տասը երկրների հետ աշխատում է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն առաջին անգամ կարող է միջուկային զենք կրող ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել դաշնակից երկրների տարածքներում։

Սակայն Մոսկվայի պահանջները չեն սահմանափակվում միայն միջուկային պաշտպանությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը նաև պահանջում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, Ֆինլանդիայի հեռացում դաշինքից, ինչպես նաև երաշխիքներ, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն տեղակայի Ուկրաինայում։Ըստ պարբերականի՝ Մոսկվան պատրաստ է հրադադարի հարցը քննարկել միայն այդ պայմանների կատարման դեպքում։

Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, ինչպես նաև բացառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Միաժամանակ Ռուսաստանը մտադիր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Մոսկվան չի առարկում Ուկրաինայի անդամակցությանը՝ պայմանով, որ Կիևը չմասնակցի ԵՄ ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։