2024թ. օգոստոսի 23-ին՝ ժամը՝ 00։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված վայր կանչված ՀՀ քաղաքացի հանդիասցող, Վայոց Ձորի մարզի 36-ամյա մի տղամարդ՝ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով։
Անձնական խուզարկությամբ Հնդկաստանի քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է 9սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, «EKOL P 29» գրառմամբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով` լիցքավորված գազային փամփուշտներով:
Դեպքի առթիվ 2024թ. օգոստոսի 23-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերոնշյալ 7 անձինք ձերբակալվել են։ Բեռնախցիկում հայտնաբերված անձը ճանաչվել է տուժող։
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։
Քննչական բաժնում իրականացված ծավալուն և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Վայոց Ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը 2024թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր գրասենյակում վարույթով տուժող, Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան նույն ամսին վթարի ենթարկելու հետևանքով իրեն պատճառած վնասի գումարը։ Սակայն տուժողը, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Դրանից հետո, 36-ամյա տղամարդը հեռախոսազանգի միջոցով իր մոտ՝ գրասենյակ է կանչել Հանդկաստանի քաղաքացի հանդիսացող, ձերբակալված անձանցից մեկին:
Քիչ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինս իր կողմից շահագործվող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով իր 5 հայրենակիցների հետ ժամանել է նշված վայր։ 36-ամյա ՀՀ քաղաքացին նրանց հետ քննարկել է տուժողից իրեն վճարվելիք գումարի ստացման եղանակները: Այդ ընթացքում տվյալ հասցե է գնացել նաև տուժողի ընկերուհին:
Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքացին, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, վախեցնելու նպատակով, օդ է կրակել՝ նա և մյուս 6 անձինք տուժողից պահանջել են մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, սպառնացել նաև, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։
Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են վերոնշյալ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն՝ այդ կերպ տուժողին ապօրինաբար տեղափոխելով այլ վայր:
Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը), իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը)։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի ՍՊԸ-ի տնօրենի մեքենայի բեռնախցիկում Հնդկաստանի քաղաքացի էր հայտնաբերվել:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր
Վիճաբանություն ու կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր