08/09/2024

Ադրբեջանը լինելու է ընդամենը ռուսական գազն ուկրաինական տարածքով Եվրամիություն հասցնող «կամուֆլյաժ»

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի երկարաձգի ռուսական գազի տարանցման պայմանագիրը: Այն լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Միեւնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման հեռանկարի վերաբերյալ Եվրամիության հետ կկայացնեն համատեղ որոշում:

Նա հնարավոր է համարել այլ ընկերությունների գազի տարանցում: Ըստ էության, խոսքը թերեւս այն մասին է, ինչի վերաբերյալ արդեն ամիսներ է գրում է Բլումբերգը, որ Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինայի տարածքով անցնող խողովակով ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը: Եվրամիությունը իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել ուկրաինական տրանզիտից, այն էլ ձմռան կեսին:

Մյուս կողմից, առ այսօր անխափան մատակարարվող ռուսական գազի պայմանագիրը լրանալուց հետո նոր պայմանագիր կնքել կամ եղածը թարմացնելը կլինի արդեն ընդհանրապես աբսուրդի ժանրից՝ Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հետ թեժ պատերազմի մեջ են, սակայն նաեւ պարտաճանաչ բիզնես հարաբերություն են պահում գազի տարանցման հարցում:

Հետեւաբար, Կիեւն էլ թերեւս չի կարող իրեն թույլ տալ Ռուսաստանի կամ Գազպրոմի հետ նոր պայմանագիր: Այստեղ «օգնության» է գալիս Ադրբեջանը, ուր եւ մեկնել էր Պուտինը պետական այցով, ի դեպ այն բանից հետո, երբ Կիեւը Կուրսկի շրջանում ռազմական գործողության արդյունքում վերահսկողության տակ վերցրեց Սուջայի գազային բաշխիչ կայանը, որը դեպի Ուկրաինա ռուսական գազի մատակարարման այսպես ասած ռուսական բաշխիչ կետն է:

Կիեւը վերցնելով Սուջայի կայանը, որեւէ րոպե չի ընդհատել դրանով գազի մատակարարումը, ինչը թույլ է տալիս մտորելու, որ ուկրաինական այդ գործողության նպատակը եղել է պարզապես գազի շուրջ ընթացող քննարկումներում սեփական դիրքերի ամրացումը:

Է՞լ ում դիրքերն են ամրացել դրա հետեւանքով, դժվար է ասել, պատկերը հարաբերական է, սակայն Զելենսկին ըստ էության ազդարարում է հենց ադրբեջանական գազի տարանցման, կամ այլ կերպ ասած՝ Եվրամիություն-Ուկրաինա-Ռուսաստան-Ադրբեջան քառակողմ, կամ գուցե նվազագույնը քառակողմ գործարքի հնարավորությունը:

Ընդ որում, բոլորովին փաստ չէ, որ Ադրբեջանը ի վիճակի է լցնել այդ խողովակաշարը: Ադրբեջանը դժվարությամբ է լցնում անգամ ներկայումս կոմունիկացիան, որով գազը հասնում է Եվրոպա Վրաստանի ու Թուրքիայի տարածքով:

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը լինելու է ընդամենը ռուսական գազն ուկրաինական տարածքով Եվրամիություն հասցնող «կամուֆլյաժ»: Ի դեպ, հարկ է նկատել, որ Պուտինի Բաքու այցի ընթացքում Գազպրոմն ու Սոկարը կնքեցին գործակցության նոր պայմանագրեր: