Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային առաջին չվերթը՝ Ուրումչի-Երեւան երթուղով: Հետո նաեւ տեղի է ունեցել Երեւան-Ուրումչի չվերթը:
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ օդային ուղեւորափոխադրման մասին հայտարարվել էր ամիսներ առաջ: Սեպտեմբերի 3-ին տրվել է մեկնարկը: Սա անշուշտ բոլորովին լոկ տրանսպորտային կամ տնտեսական իրադարձություն չէ, ինչի մասին բավականին խոսուն վկայում է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմարտարի ելույթը. «Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը Չինաստանի բաց քաղաքականության բարձր մակարդակի պրակտիկա է և ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունը՝ խորացնելու իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները:
Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միանալ Չինաստանի սրընթաց զարգացմանը և կիսել այդ զարգացման պտուղները», հայտարարել է չին դիվանագետը; Նա ասել է նաեւ, որ Հայաստանը Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի առաջին ակտիվ մասնակիցներից է:
Չին դիվանագետի արտահայտությունը՝ «մենք հրավիրում ենք բոլոր երկրներին միանալ Չինաստանի զարգացմանն ու կիսել պտուղները», ըստ էության հասցեագրված է թերեւս Եվրոպային, դեպի որի շուկան տանող ճանապարհ է Կովկասը: Այդ ճանապարհի համար ներկայումս կա կուրջ աշխարհաքաղաքական մրցակցություն: Միացյալ Նահանգներն օրինակ չի թաքցնում, որ ունի Միջին առեւտրային միջանցք ձեւավորելու նպատակ, որպեսզի շրջանցի Ռուսաստանի եւ Չինաստանի ճանապարհները՝ Կենտրոնական Ասիայի հարստությունները Եվրոպա հասցնելու համար:
Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգների մոտեցումը ոչ թե Չինաստանին «միանալու» մոտեցումն է, այլ Չինաստանը շրջանցելու: Պեկինը փաստորեն Հայաստանում իր գործերի ժամանակավոր հավատարմատարի շուրթերով կոչ է անում Եվրոպային «միացնել» Չինաստանին, այլ ոչ թե «միանալ» Միացյալ Նահանգներին՝ Չինաստանը շրջանցելու գործում: Այստեղ ամենից էականն այն է, որ «միանալու» կոչը ուղղված է նաեւ Հայաստանին, որը թերեւս հնչում է այսպես ասած փաթեթային իմաստով: Չինաստանն ապրիլին ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի գլխավոր նպատակներից մեկը անշուշտ Կովկասի ճանապարհների համար պայքարն է:
Բնական է, որ այդ պայքարի հաջորդ օղակ դիտարկվելու է Հայաստանը, հաշվի առնելով այն, որ Վրաստանի հետ սերտ, ըստ էության ռազմավարական բնույթի գործակցություն Չինաստանն ունի վաղուց: Հայաստանն իհարկե իր առաջ դրել է այլ խնդիր, կամ համենայն դեպս՝ պետք է դնի, որը ոչ թե ինչ որ մեկին «միանալն» է, այլ համաշխարհային մրցակցության տարբեր ռազմավարական նախագծերը Հայաստանի տարածքում հնարավորինս «միացնելը», իհարկե համադրելու իմաստով: Ինչ խոսք, սա բարի ցանկություն է, քանի որ գործնական մակարդակում պայքարը շատ ավելի կոշտ ու անզիջում է, գոնե առայժմ: Սակայն, «միացնելը» կամ «համադրելը» անշուշտ չեն ենթադրում բառի ուղիղ իմաստ: Տվյալ պարագայում Հայաստանի համար էականը սկզբունքները ձեւավորելն է, ու դրանք կողմերին մշակված ներկայացնելը:
Այլ կերպ ասած, սկզբունքներն առաջարկել բոլորին, այդ կերպ ցույց տալով, որ Հայաստանը ոչ թե կողմ է ընտրում, ոչ թե լուծում է կողմ ընտրելու խնդիր, այլ ձեւակերպում է իր բնական, կենսական շահերը՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների շրջանակում, ու հայտնում դրանց շուրջ բոլոր կողմերի հետ հարաբերվելու իր պատրաստակամությունը:
Սա դյուրին հարց չէ, սակայն այլ տրամաբանության վրա կառուցվելիք որեւէ վարքագիծ Կովկասի ճանապարհների համար թեժ մրցակցության պայմաններում Հայաստանի համար հազիվ թե ապահովի առավել դյուրին հեռանկար:
Բաց մի թողեք
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Ով է Ադրբեջանի նախագահի խորհրդատուն, բայց ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չպետք է խոսել
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»