03/06/2026

EU – Armenia

Ռուսաստանը Եվրոպայում կկորցնի ևս մեկ դաշնակից` Սերբիային

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հավանաբար, հրաժարական կտա, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։

Այդ մասին նա անկնարկել է Bloomberg-ին հարցազրույցում։ հիմնավորել է, որ իշխող «Սերբիայի առաջադիմական» կուսակցությունը իր «կարիքը զգում» է։ Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնում սպառում է լիազորությունների երկրորդ ժամկետը։

Մայիսի առաջին տասնօրյակում սերբական ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է կազմակերպել։ Սերբական հանրությունը տրոհված է եվրոպամետ և ազգային-հայրենասիրական ուժերի։

Պաշտոնական Բելգրադը Եվրամիության հետ բարդ հարաբերությունների մեջ է։ Բրյուսելում Սերբիայի իշխանություններին «հորդորում» են ընդունել Կոսովոյի անջատման իրողությունը, Պրիշտինայի հետ հարաբերություններ հաստատել և Եվրամիության անդամակցության ճանապարհ հարթել։

Առայժմ այդ քաղաքականությունը որևէ շոշափելի արդյունք չի տվել, բացի այն, որ Բելգրադը հրապարակային խոսույթի մակարդակում բացառում է Կոսովոյի դեմ ուժի կիրառման տարբերակը։

Ալեքսանդր Վուչիչը եվրոպական քաղաքական շրջանակներում ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համախոհի կայուն համարում։ ՌԻԱ Նովոստին այդ առթիվ նկատել է «նահանջ»:

Սերբիայի խորհրդարանի խոսնակ Բռնաբիչը օրերս հայտարարել է, որ «սերբերը ամենևին էլ ռուսներին եղբայր չեն ճանաչում»։ Ռուսաստանում տեղեկատվական սենսացիայի տեղիք է տվել սերբ պատգամավորներից մեկի «Իզվեստիային» հարցազրույցը, որտեղ նա չի բացառել, որ Սերբիան կարող է «չեղարկել ՌԴ քաղաքացիների առանց վիզայի մուտքի արտոնությունը»։

Վուչիչի հավանական հրաժարականը բավական աշխույժ քննարկումների տեղիք է տվել նաև Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության շրջանակներում։ Ընդդիմադիր Ժողճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթը տեսակետ է հայտնել, որ «Իլհամ Ալիևի ավտորիտար վարչախումը Եվրոպայում ևս մի աջակից է կորցնում»։

Պարբերականի խմբագրականը ուշադրություն է հրավիրել փաստին, որ Հունգարիայի նորընտիր վարչապետ Մաջյարը «այդպես էլ Իլհամ Ալիևի կողմից շնորհավորանքի չի արժանացել»։ Հրապարակման հեղինակը համոզված է, որ Հունգարիայի վարչապետը «երկիրը դուրս կբերի Թուրքական պետությունների կազմակերպությունից», որտեղ նա ունի դիտորդի կարգավիճակ։

Ենթադրվում է, որ Սերբիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին։ Երաշխավորված չէ, որ Վուչիչի գլխավորած «Սերբիայի առաջադիմական» կուսակցությունը կհաղթի և կառավարություն կձևավորի։

Այդ դեպքում, բնականաբար, Վուչիչը չի զբաղեցնի Սերբիայի վարչապետի պաշտոնը, ինչին ձգտում է։ Բալկանյան երկրներից Եվրամիության անդամության է սպասում Մոնտենեգրոն։ Մոտակա ամիսներին Ռուսաստանի և Մոնտենեգրոյի միջև առանց մուտքի վիզայի գործող ռեժիմը չեղյալ կհայտարարվի։

Եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում Վուչիչի կուսակցությունը պարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Օրբանի հետ, ապա Ռուսաստանը Եվրոպայում կկորցնի ևս մեկ դաշնակից։

Մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում կվերանայվեն նաև Սերբիա-Ադրբեջան հարաբերությունները։ Սերբիան Ադրբեջանի սպառազինությունների մատակարարներից է։