13/10/2024

Ալիևը պատրաստվում է 2020-ի պատերազմի մեկնարկի օրը նշելուն

Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական դաշտը՝ պաշտոնական կառույցների ակտիվ աջակցությամբ եւ տեղեկատվական «մատակարարումով» ձեռնմուխ է եղել Արցախի դեմ նախորդ տարի սեպտեմբերի 19-20-ին իրականացրած ագրեսիայի թեմայով «ռազմա-հայրենասիրական» պրոպագանդիստական ալիքի:

Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, միարժեք դժվար է ասել: Մոտենում է Արցախի դեմ ագրեսիայի, Արցախն էթնիկ զտման ենթարկելու մեկ տարին, որն ադրբեջանցիների համար «տարեդարձ» է: Դա՞ է միայն պատճառը, թե՞ Իլհամ Ալիեւը պրոպագանդայի այդ ալիքը ծավալում է նաեւ այլ հաշվարկներով:

Օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցությունը, նաեւ ընտրության ընթացքը որոշակիորեն հուշեցին, որ «Ղարաբաղի ազատագրման» ալիեւյան քարոզչական շքերթի ազդեցությունը ադրբեջանական հանրության վրա՝ զգալի թուլացել է: Հնարավոր է, որ Ալիեւը քարոզչական արշավը կազմակերպում է հանրային հիշողությունը այսպես ասած «ռազմահայրենասիրական ռեսթարթի» ենթարկելու համար, փորձելով այդ կերպ գուցե կառավարել եւ աստիճանաբար ցրել այն լիքերը, որ հանրության մոտ կարող էր կուտակված լինել խորհրդարանի արտահերթ ընտրության պաշտոնական արդյունքի պարտադրման հետեւանքով:

«Թարմացնելով հիշողությունը» Արցախի հանդեպ ագրեսիայի «ազատագրական» թեմայով, Ադրբեջանի նախագահն ըստ երեւույթին փորձում է Ադրբեջանի հանրությանը հնարավորինս շուտ մոռացության տալ ընտրական թեման: Դա իհարկե կարող է լինել մոտիվներից մեկը, որովհետեւ բավականին նկատելի է նաեւ այն, որ Ադրբեջանն այդուհանդերձ շարունակում է իր քաղաքական վարքագիծը կառուցել ուժի շանտաժի վրա:

Դրա վկայությունն է այն, որ Հայաստանի հետ ստորագրելով սահմանազատման ու սահմանագծմման հարցերի կանոնակարգը, Ադրբեջանը մյուս կողմից հղում է ռազմական մեսիջներ, երբ Ադրբեջանի ՊՆ նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը գրեթե զուգահեռ այցելում եմ Հայաստանի հետ սահմանամերձ գոտիներում տեղակայված բանակային զորամիավորումներ եւ ստուգում մարտունակությունն ու կոչ անում բարձրացնել այն, զգոնության հետ մեկտեղ:

Եվ, երբ դա ուղեկցվում է «ռազմահայրենասիրական» պաթոսի նոր ալիքով, առաջացնում է հարցեր, որոնք Հայաստանից պահանջում են զգոնություն թե պաշտպանական, թե դիվանագիտական աշխատանքի համար: