13/10/2024

Արդարադատության նախարարի տեղակալն ասում է, որ ինքը Բրուտոս չէ․ Լուսանկար

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում վերջին օրերին իր անվան հետ կապված շահարկումներին:

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել ես:

Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է՝ իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ՝ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն, և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը:

Վերջին տարիներին Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներդրել եմ առավելագույնը:

Պետական համակարգում եմ 2005 թվականից. աշխատել եմ նախ՝ Ֆինանսների նախարարությունում, ապա՝ Ազգային ժողովում, հետո արդեն՝ Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականից՝ գրեթե երեք տարի, զբաղեցրել եմ նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ նշանակվեցի արդարադատության նախարարի տեղակալ, չեմ զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»,- պարզաբանել է նա:

May be an image of 4 people and text