Հայաստանում հանրային տագնապ է: Մամուլը սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության ստորագրումը գնահատում է «խարդավանք»։ Իշխում է մտայնություն, որ, չնայած Կանոնադրությունը սահմանազատման իրավական բազա է ճանաչում Ալմա-Աթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը, բայց «այնտեղ վերապահում կա, որ խաղաղության պայմանագրով կարող են այլ սկզբունքներ համաձայնվել»:
Ոչ ոք, իհարկե, չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանի նախագահն այդ Կանոնադրությունը ներկայացնելու է վավերացման, բայց արժե՞ ի սկզբանե որևէ վերապահում բացառապես հակահայկական ընկալել: Իսկ եթե «այլ սկզբունքը» գործի հօգուտ Հայաստանի՞:
Դիտարկենք, ի մասնավորի, այսպես կոչված «անկլավների» խնդիրը: Եթե սահմանազատման հիմք է Ալմա-Աթայի Հռչակագիրը, ապա նախատեսված արբանյակային և այլ նկարահանումների և խորհրդային քարտեզների համադրմամբ Արարատի մարզի Տիգրանաշենը ճանաչվելու է որպես Նախիջևանի ԻՀ Քյարքի գյուղ, իսկ Արծվաշենը՝ հայաստանապատկան:
Կողմերը կարող են համաձայնել, որ այդ շատ բարդ խնդիրը կարգավորելու համար կիրառվի այլ սկզբունք՝ ասենք՝ տարածքային փոխանակումների, որի համար պետք է առանձին պայմանավորվածություն ստորագրվի:
Փորձագիտական շրջանակներում, այդ թվում՝ ադրբեջանական, վաղուց է խոսվում, որ «անկլավների փոխանակումը կլինի օպտիմալ լուծում»: Պարզ ասած՝ Արծվաշենը կարող է մնալ Ադրբեջանի, իսկ Տիգրանաշենը և մյուս երկու կամ երեք գյուղատեղիները՝ Հայաստանի սահմաններում:
Հայաստանում, մինչդեռ, իշխում է տեսակետ, որ «իրենք կգան Տիգրանաշեն, մենք Արծվաշեն չենք գնա»: Ինչո՞ւ: Որովհետեւ Արծվաշեն հասնելու համար պետք է անցնել ադրբեջանական տարածքո՞վ: Բայց չէ՞ որ նույնն է Տիգրանաշենի դեպքում. որպեսզի ադրբեջանցիները «գան» այնտեղ, պետք է անցնեն Հայաստանի տարածքով, հատեն Հայաստանի սահմանը:
Քառասունչորսօրյա պատերազմի, ԼՂ պետականության կորստի, հայ բնակչության բռնագաղթի հետևանքներն, ինչ խոսք, չափազանց ծանր են, բայց այս տարածաշրջանում արժանապատիվ ապրելու համար չպետք է «աչքը վախեցած Հանես» լինել:
Ամենավտանգավորը թշնամու, հակառակորդի տեղեկատվա-քարոզչական էքսպանսիան է, հոգեբանական պատերազմը, որը Բաքուն հնարավոր բոլոր միջոցներով շարունակում է Հայաստանի դեմ վարել: Եվ շարունակելու է, քանի դեռ տեսնում է, որ այն հետևանքներ ունի:
Մարդուն, ԼՂ-ից բռնատեղահանվածին, չես կարող պարտադրել, որ սոցիալական ցանցերում Բաքվի քարոզիչների տեղադրած տեսանյութերը չդիտի: Բայց պետք է կարողանալ նրան convaincre-ել, որ մեկ ադրբեջանցու գրառում կիսելով՝ ինքը Հայաստանին վնասում է, թուլացնում պետության իմունիտետը: Այդ հարցերով ոչ ոք չի զբաղվում:
Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, քաղաքական պլյուրալիզմը մի սահման պետք է ունենա: Հայաստանում «կարմիր գծեր» չկան:

Բաց մի թողեք
Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները
Շուտով գազը կփակեն․ Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»
Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն