«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն է զետեղված, որի բովանդակությունը հիրավի կարելի է սենսացիոն համարել, քանի որ շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանը վկայում է ոչ դես, ոչ դեն… Աստծու հետ ունեցած հաղորդակցության մասին։
Հոգեբանները, հոգեթերապևտներն ու այլ «նեղ մասնագետները», թերևս, պետք է քննության առնեն հոգևորականի ելույթի այդ հատվածն ու ախտորոշեն արքեպիսկոպոսի հոգեկան վիճակը, քանի որ շարժմանը հետևող քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինելու իրենց առաջնորդողի առողջական վիճակի մասին։
Օգնենք մասնագետներին այդ հարցում՝ մեջբերելով սրբազանի ելույթի այդ հատվածը. «Ես մարդկանցից պատասխան չեմ ուզել էս բոլորի համար (ենթադրաբար՝ շարժման ղեկավարումը ստանձնելու-խմբ.), ես Աստծուց եմ պատասխան ուզել, խնդրել եմ, որ ինձ լուսավորի՝ ինչ վիճակում ենք և ուր ենք գնում։ Եվ տեսել եմ և իր զայրույթը, բայց և տեսել եմ իր խոստումը, երկուսն էլ տեսել եմ։
Զայրույթն էն իմաստով, որ՝ կիզվելու եք դուք, անցնելու եք էս կրակի միջով, և իմ զայրույթն ու ձեռքը բարձրացված է քեզ վրա՝ եթե դու դարձի ճանապարհ չունենաս։ Ամբողջ աստվածային պատգամը մարդուն է տրվում՝ անձին, բայց վերաբերում է երկրին ու հավաքականությանը։ Այսինքն՝ կորուստները կամ ձեռքբերումները կապված են երկրի և հավաքականության հետ, էդ անձի հետ կապված չեն։ Էդ կորուստներն ու ձեռքբերումներն ասում են, որ քո երկիրը պիտի դառնա օտարների ծառայության մեջ, այգիներդ, ցորեններդ իրենք պիտի հավաքեն, գինիներդ իրենք պիտի խմեն, որդիներդ ու դուստրերդ իրեն պիտի ծառայեն, սա, սա, սա, սա… քանի որ դու էս ես դարձրել, քանի որ գինուն, կաթին ջուր ես խառնում, քանի որ սուտ ես խոսում, խաբում ես, կեղծում ես, գնահատական չունես, արդարություն չկա։
Սրա մասին է խոսում մեր տեր Աստվածը։ Եվ ասում է՝ եթե էս բոլորը դու անցնես, էս կրակի միջով, իմ ձեռքն էլ կիջնի, և դու չես լինի լքված, և քո երկիրը կլինի շեն և իմ անունի երկիր։ Էդ պահին, երբ ես էդ ապրումների մեջ էի, և սա՛ եմ տեսել՝ թե ինչու, և խոստո՛ւմն եմ տեսել՝ թե ինչպես։ Չեմ տեսել մինակ դառնություն ու ցավն ու հարվածը, տեսել եմ նաև խոստումը։ Եվ իմ ամբողջ անելիքը էդ խոստումի հետևից գնալն է։ Գնալն է, որ ես իմ կյանքում նախ կարողանամ փաստել, որ էդ խոստումի հավատացողն եմ ու հետևից գնացողն եմ, և միևնույն ժամանակ մեր ժողովրդին ասելու, որ պետք ա ինքնամաքրվենք մենք»։
Հիշեցնենք. ավելի վաղ կիսվելով մեր տպավորությամբ՝ գրել էինք՝ Բագրատ Գալստանյանը տրանսի մեջ է՝ անհանգստանալով վերջինիս հոգեկան առողջության մասին։ Նույնիսկ առաջարկել էինք նրա շրջապատի մարդկանց բարեկամաբար հորդորել վերջինիս լքել քաղաքական արենան ու հարկադիր հանգստի մեկնել։ Նա դրա իրավունքը վաստակել է։
Մեր անհանգստությունը, փաստորեն, անտեսվել է, ինչի հետևանքով էլ ունենք այն, ինչ ունենք։ Մի վիճակ, որը գիտությանը հայտնի է որպես «գրանդիոզ մոլորություն» (Grandiose delusions (GDs), delusions of grandeur, expansive delusions): Տվյալ հոգեկան խանգարման դեպքում մարդն ինքն իրեն դնում է Աստծու, Հիսուս Քրիստոսի, փրկչի, առաքյալի, սուպերմարդու տեղը, հանդես գալիս սեփական ունակությունների վերաբերյալ չափազանցված՝ գերազանցության, եզակիության կամ անխոցելիության համոզմունքներով։
Աստված, փաստորեն, սրբազանի հետ կոնտակտի է դուրս եկել, ինչ-որ նշաններ ցույց տվել, որոնք Գալստանյանը մեկնաբանում է՝ ելնելով իր «կարդացածության» աստիճանից, և այդ նշանների մեջ, փաստորեն, եղել է նաև հաղթանակի խոստումը։ Այսինքն՝ արա սա և կստանաս սա։ Սրբազանն էլ, փաստորեն, արդեն մի քանի ամիս հալումաշ լինելով փողոցներում, փորձում է անցնել կրակների միջով, կիզվել ու տառապել՝ «պրիզը» ստանալու համար։
Ակամա հիշեցինք 90-ականներին ՀՀ-ում շատ պոպուլյար «Մարիո» համակարգչային խաղը, որի հերոս մարդուկը նույնպես անցնում է բազում փորձությունների, խութերի, որոգայթների միջով՝ սունկ է ուտում՝ մեծանում է, ծաղիկ է ուտում՝ կրակում է, վերջում էլ հաղթում է դրակոնին ու փրկում… թագուհուն։
Ի տարբերություն համակարգչային այս խաղի, որը ճարպկորեն խաղալու դեպքում հաղթանակը երաշխավորված է, սրբազանը չունի քաղաքական այս՝ «սրբազան» խաղը խաղալու ոչ մի կարողություն, թող որ «դրակոնին» հաղթելու խոստումը տեսիլքի միջոցով Աստված է փոխանցել։ Նա ու նրան կառավարող հայտնի սուբյեկտները այս ընթացքում արդեն իսկ մի քանի անգամ փորձել են խաղալ ու տանուլ են տվել «իշխանափոխություն» խաղը՝ «ուտելով» բոլոր ուտելի ու թունավոր «սնկերը», «կրակելով» բոլոր «ծաղիկները»՝ ներառյալ «սարի սմբուլն» ու «շան բերանը»։ Հետևապես սրբազանը ճիշտ կանի հաշտվի այն մտքի հետ, որ եկել է շարժումը վերջապես «անջատելու» ու «GAME OVER» հայտարարելու պահը։ Աստված օգնական Ձեզ այդ հարցում, Հա՛յր սուրբ։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մոսկվայից ի՞նչ պաշարով է վերադարձել Իլհամ Ալիևը