ՀՅԴ-ի աղմկահարույց 004 շրջաբերականը «մազոլի» պես դեռ երկար է ցավեցնելու 134-ամյա կուսակցությանը՝ ստիպելով արձակել ճիչեր ու աղաղակներ, որոնք սովորաբար արձակվում են այդ անդուր «ելուստը» «տրորելու» հետևանքով։ Ընդ որում, ամեն դաշնակցական ճչում է ՝ ելնելով իր «կարդացածության ու փչացածության» աստիճանից։ Քաղաքական առումով «փչացածությունը» նկատի ունենք։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, օրինակ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «ցավին» փորձում էր դիմադրել «Կարգին կասետ»-ի մանրապատումի հերոսի պես, որը փորձում էր պարզել՝ «հոպար, էդ կացինը քեզ ո՞ւրդուց»։ Հոպարը, իհարկե, ստիպված եղած իրեն հարց տվողին պատասխանել, թե՝ «ուրդուց», բայց հարց տվողի համար արդեն… ուշ էր։ Պարոն Սաղաթելյանն էլ, «ուրդուց»-ի պատասխանը չստանալով, որոշեց (https://civic.am/news/76006) քանի ուշ չէ՝ գրոհել «մազոլը տրորողի» ուղղությամբ». «Ես շատ հստակ եմ ասել, որ՝ ապօրինի մտնում եք գրասենյակները, խուզարկում եք, գտնում եք ինչ-որ փաստաթուղթ, էդ եղածն էլ կեղծում եք, մատուցում եք հասարակությանը, ու գալիս ես, դեմ ես տալիս միկրաֆոնը՝ արդյո՞ք կմեկնաբանես, էսի ճիշտ ա, թե չէ։ …Դաշնակցությունը տարվա մեջ 200 շրջաբերական ա հրապարակում, կուզես մի շրջաբերական… անկուսակցականներին արգելվում ա կարդալ, ծանոթացի Դաշնակցության պաշտոնական հայտարարություններին, եթե առիթ ունենաս կարդաս էդ շրջաբերականը, մի քիչ հայրենասիրություն կունենաք, մի քիչ էս պետության, երկրի ինքնիշխանությանը հարգանքով կմոտենաք, ու էդ մուտիլովկեքը որ անում եք, այլևս չեք անի։ …Դուք կարաք ամեն անգամ մի ապուշություն հրավիրեք, գաք, ինձ ասեք՝ մեկնաբանի։ Ես չեմ մեկնաբանի, որովհետև, ես նորից եմ կրկնում, ՀՅԴ-ի համար ՀՀ-ի անկախությունը, տարածքային ամբողջականությունը դա քննարկման, սաՆկարկման («սակարկել»-ը նկատի ունի-խմբ.) ենթակա չեն…»։ Բա ինչո՞ւ է նման կետ շրջանառության մեջ դրվում շրջաբերականում։ «Ես ասում եմ՝ դու սուտ ես խոսում, դու էլի բերել ես մի հատ ապուշություն… Ես քեզ որ դատի տամ, դու 400 տարի քո տերերով, թըմով, հովանավորողներով պըտի դատվես… Ստեսցյուն»,- ի պատասխան civic.am-ի թղթակցի ճշտման՝ ցավից հեծեծաց Սաղաթելյանը։
Ի դեպ, սպասում ենք, թե երբ է չստացված իշխանափոխական ընկեր Իշխանը գեթ մեկ անգամ իր խոսքի տերը լինելու, տվյալ դեպքում՝ դատի տալու (թե՞ իշխանափոխություն անելու խոստման պես էլի էսօր-էգուց կգցի), 400 տարի դատելու մեզ՝ մեր «տերերի», «թըմի» ու «հովանավորների» հետ միասին։ Փաստորեն, իր անցած ճանապարհով, իր «տերերի, թըմի ու հովանավորների» հետ մեկտեղ պատմության դատաստանի առաջ կանգնելու, սերունդների անողոք դատաստանին արժանի քաղաքական կազմակերպությունը, որի գլխով անցել են նաև «Դրո», «30+1»-ի աղմկահարույց քրեական գործերը, հոխորտում է դատի տալու, ծեքծեքում է ինքնիշխանություն, անկախության, տարածքային ամբողջականության և այլ վեհ բաների մասին, այն դեպքում, երբ պետք է «աջ քաշի, կանգնի» ու բացատրի, թե ինչո՞ւ են շրջաբերականում որոշել կոլեկտվ հիմունքներով լուծել Հայաստանի և ԼՂՀ-ի ճակատագիրը, այն էլ ՌԴ-ի կողմից ստեղծվելիք «նոր միության» կազմում։ Ի դեպ, Սաղաթելյանը «մուտիլովկեք» ու «ապուշություն» է որակում շրջաբերականից արված ուղիղ մեջբերումները, փաստորեն, Բյուրոյին, որի անունից էլ տարածվել է հիշյալ փաստաթուղթը, անվանելով «մուտիլովշիկների» հավաքականություն, որը նման «ապուշություններ» է արտածում ու որպես քաղաքական պատգամ ու առաջիկա անելիք հղում կուսակցության մարմիններին ու շարքերին։ Ընկեր Իշխանի լեզվական նման կոպիտ սայթաքումը (իր լեզվամտածողությանը սազական բառով ՝ «պռապուսկատը»), հուսանք, Բյուրոյում ներքին խորքային քննության կառնվի, որին կհաջորդեն վերջինիս նկատմամբ կիրառվելիք դաստիարակչական համապատասխան պրոցեդուրաները։
Ի դեպ, «մուտիլովկեք» ասացինք, հիշեցինք, թե ինչպես էր մեկ այլ կարկառուն ՀՅԴ-ական (որն, ի դեպ, իր հարցազրույցներից մեկում փորձում էր շրջաբերականի խնդրահարույց ձևակերպումներին արդարացում գտնել), 2022-ին ԱԺ ամբիոնից առանձնակի դաժանությամբ ճղում-դեն նետում «Արցախն ուրացող» ինչ-որ՝ քսերոքս, որը վերցրել էր մամուլից, որի անունը դրվել էր «խաղաղության ամերիկյան տարբերակ», և որի շուրջ, իբր, բանակցում էին Փաշինյանն ու Ալիևը։ Գեղամ Մանուկյանն ու նրա «թըմի» մյուս անդամները երբ ելույթ էին ունենում հիշյալ «տարբերակի» մասին (դրա իսկությունն այդպես էլ չհաստատվեց), հետաքրքրվե՞լ էին՝ «ուրդուց» է մամուլում նման թուղթ, եթե կուզեք՝ «մուտիլովկա» հայտնվել, թե՞ պարոնայք ընդդիմադիրների «հովանավորներն ու տերերն» ասել էին՝ «սուտ չի, գազ տվեք», իրենք էլ ապ-ուշ, ապ-ուշ (անուշադիր) անում էին այն, ինչ անում էին։
Մուտիլովկա և տեսարաններ՝ ահա այն, ինչով այսքան ժամանակ իր ընտրազանգվածին կերակրել ու կերակրում է այլևս անելիք չունեցող Դաշնակցությունը։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ
TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին