Ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Ֆորմուլա 1»-ի փուլերից մեկը 2024 թվականի սեպտեմբերի 13-15-ը կայանալու է Բաքվում։
Ի թիվս այլ նպատակների՝ Ադրբեջանը սպորտային միջոցառումներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում տարվող հանցավոր քաղաքականությունն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումները քողարկելու և միջազգային հանրության ուշադրությունն շեղելու համար:
Այս մասին ասվում է «Գեղարդ» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
«Նավթային խոշոր եկամուտները հնարավորություն են տալիս կազմակերպելու թանկարժեք միջոցառումներ՝ Եվրոպական խաղեր, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղեր, «Ֆորմուլա 1» մրցաշար և այլն։ Միջազգային միջոցառումների կազմակերպման համար Բաքուն սկսել է մեծ գումարներ ծախսել դեռևս 2010 թվականից, իսկ 2023 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն դոլար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ֆորմուլա 1» մրցաշարի փուլն անցկացնելու իրավունքի համար 2016 թվականին Բաքուն վճարել էր 34 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին՝ 57 միլիոն դոլար։
Դեռևս 2016 թվականին բրիտանական «Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունը «Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունին կոչ էր արել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադառնալ նաև ակտիվիստների դեմ ճնշումների խնդրին։ Իսկ կազմակերպության ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենթը նշել էր, որ Ադրբեջանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներն օգտագործում է իր կերպարը բարելավելու համար։
Հարկ է նշել, որ «Ֆորմուլա 1»-ի մրցուղին անցնում է Բաքվի կենտրոնական փողոցներով։ Մրցուղու հարևանությամբ է գտնվում տխրահռչակ Ռազմավարի պուրակը, որը Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խորհրդանիշն է։ Այստեղ են ցուցադրվում 2020 թվականի պատերազմի ժամանակ որպես ավար ձեռքբերված զինտեխնիկան, հայ զինվորների արյունոտ սաղավարտները, զինվորականների մանեկենները։ Դրանց ցուցադրումը խիստ քննադատության էր արժանացել իրավապաշտպան կառույցների, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։
2023 թվականին «Ֆորմուլա 1»-ի Բաքվի փուլն անցկացվել էր ապրիլի 30-ին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկել Արցախի հայությանը՝ 120 000 բնակչին զրկելով սննդի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների մատակարարումից։
Այսօր, երբ Բաքուն հերթական անգամ պետք է հյուրընկալի ավտոարշավի փուլը, Ադրբեջանի բանտերում շարունակում են ապօրինի պահվել տասնյակ հայ գերիներ։
«Գեղարդ» հիմնադրամն ավտոմրցաշարի կազմակերպիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և թույլ չտալ՝ իրենց անունն ու հեղինակությունն օգտագործել՝ որպես հանցագործությունները, ճնշումները, բռնությունները քողարկելու միջոց։ Այս առումով՝ «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը պետք է կշռադատի՝ որքանով է նպատակահարմար մրցաշար անցկացնել մի երկրում, որտեղ խիստ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, և որը զավթողական ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում