Համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին․ սեպտեմբերի 16-ին մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը:
Մինչեւ հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին եւ նվիրում երաժշտական տոն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։
Փառատոնը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային երգացանկով եւ աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով՝ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ, ինչը կարեւոր առաջնահերթություն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար։
Սիմֆոնիկ համերգին ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի կողքին կհնչեն նաեւ հայ հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի‚ Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները։
Այս տարի եւս փառատոնի ընթացքում երեւանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Նրանցից շատերը մեր երկրում կլինեն առաջին անգամ։
Հեղինակավոր երաժիշտները նաեւ վարպետության դասեր կանցկացնեն «Երաժշտություն՝ հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտներին փոխանցելով իրենց հմտությունները։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն:






Բաց մի թողեք
Տղաները Ֆրենկին հարգում էին, աղջիկները` սիրում. Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. Տեսանյութեր
«Ճյուղն ձիթենու»-ից մինչև «Խնկի ծառեր»․ Այսօր Լևոն Խեչոյանը սիրված, սպասված և փնտրված անուն է ուկրաինական գրականությունում
Ցածրիկ էշելոններում խլվլացող Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը