15/10/2024

ՀՅԴ-ի հերթական՝ անստորագիր տեղեկատվական սադրանքը 44-օրյա պատերազմի թեմայով. 134-ամյա կուսակցությունը սպառնում է

ՀՅԴ-ի գործունեությունը ՀՀ-ում այլևս վերածվել է ՀՀ ազգային, մասնավորապես տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքի։ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը սույն՝ 134-ը բոլորած կուսակցության պաշտոնական կայք yerkir.am-ում զետեղվել, ապա ՀՅԴ ֆեյսբուքյան պաշտոնական էջով տիրաժավորվել է մի անստորագիր տեքստ, որում տեղ են գտել մի շարք վտանգավոր, ակնհայտ սուտ, իրականությունը խեղաթյուրված ներկայացնող ձևակերպումներ։

Այդ տեքստի ողջ իմաստը հերթական անգամ ՀՀ իշխանությանը պատերազմի սանձազերծման միակ մեղավոր կարգելն է՝ այսպիսով, փաստորեն, մաքրելով պատերազմը սանձազերծածի՝ Ադրբեջանի մեղքը։ Այն, որ ՀՀ-ում գործող որոշ քաղաքական կազմակերպություններ Ալիևի փաստաբաններ են, գիտեինք, ուստի բնավ չենք զարմանում։

Կուսակցական քարոզչական տարատեսակ օրգաններում հրապարակվող «անանիմկաներին» կամ, ինչպես կասեր կարկառուն դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ «պասկվիլներին» (զրպարտախոսություն) չէինք անդրադառնա, եթե դրանում արծարծված չլիներ այնպիսի գերկարևոր թեմա, ինչպիսին է 44-օրյա պատերազմը։ Եվ ուրեմն, սույն էժանագին զրպարտագրում մասնավորապես նշված է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան՝ ժամը 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային և հրթիռային հարձակում Արցախի ուղղությամբ։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական օժանդակությամբ, լայնածավալ պատերազմ էր սկսել։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հոդվածով Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող ՀՀ իշխանությունները չեզոք դիրք էին գրավել։ Ակնհայտ էր, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը նախապես ծրագրված ու համաձայնեցված էր։ Պլանավորված պատերազմում հայկական կողմը, ոչ պաշտոնական տվյալներով, 5000-ից ավելի զոհ տվեց, տարածքային ու դիրքային կորուստներ կրեց»։

Չգիտենք՝ տեքստը շարադրողը ինչ ուժգնության հոգեմետ նյութ է օգտագործած եղել, որ նախ գրել է՝ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց», հետո էլ հաջորդ տողերում զառանցել է՝ «ՀՀ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանությունները չեզոք դիրք էին գրավել»։ Հատուկ սույն տեքստը հղացած, խմբագրած, թողարկած ու տիրաժավորած, մեր տպավորությամբ՝ ուղեղաբորբով տառապողների համար մեջբերենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության որոշումը (Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ), որտեղ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու. ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից…

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն»:

Սույն որոշումն այնուհետ քննարկվել և հաստատվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, ԱԺ-ում վարչապետն ու ԱԺ խմբակցությունները, պատգամավորները հանդես են եկել ելույթներով։ Եվ միայն ամիսներ անց՝ 2021 թ. մարտին, ՀՀ-ում ռազմական դրությունը վերացվել է:

Ըստ դաշնակցական ագիտպրոպի լոգիկայի՝ ՀՀ Կառավարությունն ու օրենսդիր մարմինը պատերազմի հանգամանքով պայմանավորված ռազմական դրության ռեժիմի անցնելով իրականում «չեզոք դիրք» էին բռնել, չէին խառնվում Արցախում կատարվողին, զորահավաքն էլ հենց այնպես, չեզոքության տրամաբանության մեջ էր հայտարարվել, ՀՀ զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում ծառայող ՀՀ քաղաքացի հանդիսացող զինվորականներն էլ, փաստորեն, կռվելով ու զոհվելով՝ իրականում իրենց չեզոքությունն ընդգծելու համար էին կռվում ու զոհվում…

Քանի որ դժվար է առանց «ոչ նորմատիվային» բառապաշարի արձագանքել սույն տեքստի հեղինակի մտքի մյուս մորմոքներին՝ «պայմանավորված պատերազմ» և այլն, ուստի այսքանով եզրափակենք մեր ասելիքը։

Մի դիտարկում էլ՝ պարզ է, թե ինչու է նման տեղեկատվական սադրանքը տիրաժավորվել անստորագիր՝ աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար։

Ի դեպ, 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ոչ Արցախում, ոչ էլ ՀՀ-ում ռազմական դրություն չհայտարարվեց։ Տեքստի հեղինակին առաջարկում ենք պարզել, թե ինչու։ Կարո՞ղ է պատճառն այն էր, որ պատերազմը պայմանավորված էր։

Հ. Մ.