15/10/2024

2023 թվականին ընտրակաշառք ստացած 42 անձ է դատապարտվել, ընտրակաշառք տված՝ 2 անձ

ՀՀ-ում 2023 թվականին դատապարտվել է 2 548 անձ, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 1894 անձ, չաշխատող և չսովորող աշխատունակներ, մասնավորապես 9-ը՝ պաշտոնատար անձինք, 154-ը՝ զինվորական ծառայողներ։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2023-ին դատապարտվածների թվաքանակի մասին տեղեկանքից։ Նշենք, որ ամենամեծ թվով դատապարտվածները՝ 1 547 հոգի, երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք են։

Թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտված անձանց թիվն էլ 352 է, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտվածներինը՝ 103։

Հաշվետու տարում դատապարտվել են մասնավորապես սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած 6 անձ, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ կատարած 3 անձ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 89 անձ, արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 19 անձ, զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 95 անձ։

Վիճկոմիտեն ամփոփել է նաև 2023-ին գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների։ Մասնավորապես ընտրակաշառք տալու 25 դեպք է արձանագրվել, ընտրակաշառք ստանալու՝ 2 դեպք, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու՝ 10, մասնավոր ոլորտում կաշառք տալու՝ 4 դեպք, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 409 դեպք, ապօրինի հարստացման՝ 5, իշխանազանցության կամ իշխանության չարաշահման՝ 1 դեպք։ Ընդհանուր՝ 1 404 դեպք։

Գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական պատասխանատվության (հետապնդման) ենթարկված անձանց թվաքանակն ըստ հանցատեսակների 2023 թվականին ունեցել է հետևյալ պատկերը. մասնավորապես ընտրակաշառք ստացած 42 անձ է դատապարտվել, ընտրակաշառք տված՝ 2 անձ, փողերի լվացմամբ զբաղված՝ 33 անձ, ապօրինի հարստացած՝ 1 անձ, պաշտոնեական կեղծիք կատարած՝ 224 անձ։ Ընդամենը՝ 925 անձ։