15/10/2024

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու». Ծառուկյան

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու»,- հարցին՝ աջակցո՞ւմ եք Բագրատ սրբազանի պայքարին, Մայր Տաճարի վերաօծման արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր քաղաքական պասիվության պատճառն է իր դեմ հարուցված քրեական գո՞րծը, իրեն ճնշե՞լ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ոչ մի բանով չեն ճնշել, Ծառուկյանին ոչ մեկն էլ չի կարող ճնշել։ Կգա ժամանակը, կհրավիրեմ, ձեզ հուզող բոլոր հարցերը կտաք, Ծառուկյանն իր տեսակետը կասի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած օրերը Ձեզ համար ճնշում չեն եղե՞լ իշխանության կողմից, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Ոչ մի ճնշում էլ չի եղել, ի՞նչ ճնշում։ Ցանկացած քաղաքական գործիչ, մարդ, պետք է պատասխան տա օրենքի առաջ․ եթե մեղավոր չես, ինչո՞ւ պետք է ինչ-որ բանից վախենաս»։

Հստակեցմանը՝ Դուք ընտրակաշառք բաժանե՞լ եք, թե՝ ոչ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ես ընտրակաշառք ընդհանրապես չեմ բաժանել․ դա բոլորն էլ գիտեն, ամեն ինչից էլ տեղյակ են։ Եղել է երեք հազար հոգի, որ լիարժեք հարցաքննության են կանչվել, և ոչ մեկ չկա, որ ասի՝ ընտրակաշառք է բաժանվել»։

Լրագրողները փաստեցին՝ բայց Դուք չեք արդարացվել, նա արձագանքեց․ «Գործը քննվում է, թող քննվի։ Դուք ինչո՞ւ եք անհանգստանում։ Ես չեմ անհանգստանում․ ամեն ինչ նորմալ է»։