13/10/2024

ՔՊ տիկնայք պատգամավորները՝ Գր․ Մինասյանի հրաժարականի մասին

«Կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոն է, և այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի ներկայացրած հրաժարականին։

Վերջինս նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այն խոսակցությունները, թե Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ որոշ պատգամավորների հետ անձնական դրդապատճառներ կան․ «Կատարել ենք վերահսկողական գործառույթ, և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետևաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ»։

Ըստ նրա՝ Մինասյանի հրաժարականի պատճառը նաև փոխնախարարը չէ։ Դա շատ փոքր միջադեպ է եղել։

«Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն ունեն իրավունք իրենց վերաբերմունքը հայտնելու Կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ, այդտեղ յուրահատուկ բան պետք չի փնտրել, որ Գրիգոր Մինասյանի հետ կա որևէ խնդիր»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին և վերջինիս հրաժարականին․ «Այստեղ որևէ անձնական խնդիր չկա, Գրիգոր Մինասյանը այսօր ազատվել է իր դիմումի համաձայն: Ես շատ ցավում եմ, որ ստորագրահավաքի փաստը հանրայնացվեց, դա խմբակցության ներքին խնդիրն էր, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենտ կամ հարցապնդում: Անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք մեր առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել կատարել, ու, բնականաբար, դրա համար պետք է պահանջենք պատասխանատվություն»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը որպես պատգամավոր պիտի լինի ժողովրդի ձայնը և ցանկացած խնդիր, բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրաձայնի իր լծակներով. «Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ խնդիր ունենք միայն արդարադատությունում: Ես ուզում եմ, որ Կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները իմանան, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, և որևէ բան մեր աչքից չի վրիպելու»:

Լրագրողի հարցին, թե ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, Բադալյանն արձագանքեց. «Թիրախի մասին չէ խոսքը, եթե որևիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ, սա ուղղակի արդեն կուտակված բոլոր խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»: