02/01/2025

Ի՞նչ զիջումների կգնա Հայաստանն այս անգամ

Ստամբուլում՝ տարածաշրջանային «3+3» հարթակի հերթական հանդիպման շրջանակներում հանդիպում տեղի կունենա նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև:

Այս լուրը, կարծես, աննկատ մնաց հայաստանյան ներքաղաքական դաշտում, որտեղ ավելի շատ կենտրոնացած էին այն հանգամանքի վրա, թե ինչո՞ւ ընդդիմադիր գործչին ԱԺ նախագահին «անբարոյական» անվանելուց հետո դուրս բերեցին խորհրդարանի շենքից: Թեև, ինչու ենք զարմանում՝ սա հայկական հինավուրց ավանդույթ է՝ չկարողանալ զատել կարևորն անկարևորից:

Վերադառնանք Ստամբուլ, հատկապես, որ այսօր տարածաշրջանային երկրների և դերակատարների քաղաքագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը հենց այստեղ է կենտրոնացած լինելու: Ինչո՞ւ է Էրդողանը հանդիպելու Արարատ Միրզոյանի հետ: Ի՞նչ ունեն քննարկելու: Ընդ որում, նախատեսվում է նաև առանձին հանդիպում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև ևս:

Հաշվի առնելով այն, որ Նյու Յորքում գտնվելիս Նիկոլ Փաշինյանը շտապեց «Թուրքիայի տուն» Էրդողանի հետ հանդիպման և ուրախության արցունքներն աչքերին Էրդողանի գիրքը գրկելու, այնքան էլ անհիմն չեն այն խոսակցությունները, թե Փաշինյան-Էրդողան հանդիպման շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք հակասում են ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնալ խոշոր խաղացող Ռուսաստանի շահերին: Քաղաքագիտական շրջանակներում լուրջ անհանգստություն կա, որ Ստամբուլում այդ պայմանավորվածությունները միս ու արյուն կստանան, որից հետո Փաշինյանը, նախորդ փորձի տրամաբանության շրջանակում կարող է հանգիստ հայտարարել՝ «Սյունիքը Հայաստան է և վերջ»:

Թեև երեկ Մոսկվան՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զածարովայի շուրթերով կրկին հայտարարեց. ՌԴ-ն ելնում է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր՝ եռակողմ ձևաչափի մակարդակում: Սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած այն մտքին, թե ինքն առաջարկում է Ռուսաստանը վերապահի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների և ենթակառուցվածքների մոնիթորինգի գործառույթը: Մինչդեռ, հիշեցնենք, Փաշինյանի, Պուտինի, Ալիևի ստորագրած Եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակին գրված է վերահսկողության մասին, ոչ թե մոնիթորինգի:

«Մենք այլընտրանք չենք տեսնում և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- երեկ ընդգծել է Զախարովան:

Նույն Զախարովան երեկ կրկին պնդել է՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի կիրառում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։ Եվ պնդել. «Կարծում եմ՝ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»:

Ավելին՝ քաղաքագիտական շրջանակներում լուրջ անհանգստություն կա, որ այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքը” կարող է փորձ արվի բացել արդեն մինչև նոյեմբերի սկիզբ, քանի որ նույն Հայաստանը դրան այդքան էլ դեմ չէ. Փաշինյան-Էրդողան համատեղ լուսանկարում ՀՀ-ն ներկայացնողի երջանկությունից փայլող աչքերը, թերևս, դա են հուշում, որ ինքը դրան դեմ չէ: Դեմ են մյուս խաղացողները, բայց նրանց դեմ գնալու քաղաքականության հետևանքները կրելու է սովորական ժողովուրդը, ոչ իշխանությունը, հետևապես կարելի է և ոտնահարել այդ շահերը՝ հերթական անգամ, ու գնալ նոր զիջումների: Իսկ թե ի՞նչ զիջումների կգնա Հայաստանն այս անգամ՝ կիմանանք Միրզոյան-Էրդողան հանդիպումից հետո…