04/12/2024

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ. Լուսանկար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վերջինս նշված անձանցից կաշռք է ստացել դպրոցներում պաշտոնների նշանակման համար:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել է 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին՝ Հ. Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել :

Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնեք՝ սեպտեմբերի 11-ին էին ձերբակալվել Շիրակի մարզպետարանի հիշյալ պաշտոնյան՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։