09/12/2024

Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Sputnik Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1–ին վավերացրել է Հռոմի ստատուտը։

Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները ՄՔԴ–ին անդամակցելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ նոր կարգավիճակով կարող են դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021–22 թթ. ՀՀ տարածք ներխուժման ժամանակ)։

Նշենք, որ Sputnik Արմենիան հարցումն ուղարկել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։

«ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,– ասված է գրասենյակի պատասխանի մեջ:

Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար:

Փետրվարին Կիրակոսյանը հայտնել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։