21/11/2024

ՌԴ ՍԴ-ին կուլակաթափությունն օրականացնող որոշում է կայացրել

ՌԴ սահմանադրական դատարանը կայացրեց բարդ որոշում՝ չեղարկելով կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի բռնագանձման դեպքում վաղեմության ժամկետի սկզբունքի հաշվառումը։

Որոշման մեջ, ինչպես նշում են ռուս փորձագետները, հատկապես շեշտված է այն հանգամանքը, որ կոռուպցիան առանձնապես վտանգավոր սոցիալական երեւույթ է, որը հանրային իշխանությունը քայքայում է ու ճնշում, կասկածի տակ է դնում վերջինիս լեգիտիմությունը, օրինականության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահությունն է խաթարում եւ էական խոչընդոտ է երկրի զարգացման համար։

Հիշատակված է նաեւ, որ Ռուսաստանն անցյալ դարի 90-ականների սկզբներին վերափոխումների բարդ փուլ է անցել։ Կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի ու դրամական միջոցների պետական գանձարան բռնագանձումը դատարանը դիտարկել է որպես հանրային շահի իրացում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։

Բռնագանձումը համարվել է որպես միջոցառում, որով իրականացվում է արդարության, հավասարության եւ դեմոկրատական կարգի մասին ոտնահարված սկզբունքների վերականգնումը։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետական գանձարանի օգտին չեն կարող բռնագանձվել երրորդ անձանց տնօրինության ներքո գտնվող գույքը եւ դրամական միջոցները, ովքեր չեն մասնակցել կոռուպցիոն սխեմաներին։

Այսինքն՝ եթե անձը գնել է ձեռնարկություն, որը որեւէ պաշտոնյա ժամանակին ձեռք է բերել կոռուպցիոն ճանապարհով, բայց բարեխիղճ ձեռքբերողը չի իմացել դրա ծագման կասկածելի հիմքերի առկայության մասին, կարող է հանգիստ լինել, քանի որ այդ ձեռնարկությունը նրա ձեռքից որեւէ մեկը չի վերցնի։

Այստեղ, իհարկե, իրավաբանները թույլ են համարում ձեւակերպումը, քանի որ դժվար է պարզել, թե արդյոք գնորդն իրապե՞ս իմացել է, թե ոչ, որ իր գնելիք ձեռնարկությունը ժամանակին ձեռք է գցվել անօրինական ճանապարհով։ Մասնագետները նշում են, որ ներկա որոշումը Ռուսաստանում կարող է «կուլակաթափության» եւ միջոցների վերաբաշխման գործընթացի իրավական հիմք դառնալ։ 90-ականներին եւ 2000-ականներին պաշտոնյաների եւ պատգամավորների ձեռք բերած ունեցվածքը հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ հիմնական «կուլակաթափությունը» հենց այդ ժամանակներին է վերաբերելու։

Ի դեպ, այս օրենքը Հայաստանն ընդունել է դեռեւս 2020 թվականին, սակայն այն վիճահարույց է եւ վիճարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում, սակայն մինչ օրս որոշում չի կայացվել: Իսկ օրենքն ինքնին գործիք է դարձել գործող իշխանությունների ձեռքին` նախկին իշխանությունների դեմ, որոնց ներկայացուցիչներին հերթով հրավիրում են դատախազություն եւ ստիպում դատարանում ապացուցել իրենց գույքի օրինականությունը:

Իսկ, մեծ հաշվով, 4 տարվա գործողության արդյունքում չնչին գույք է պետականացվել, այն էլ հիմնականում` պատասխանողների հետ ձեռք բերված հաշտությունների միջոցով, ինչն իրականում նշանակում է, որ մարդիկ հոգնում են պայքարից եւ տեղի են տալիս պետության ձեռնարկած ռեկետին ու կամովին հանձնում գույքի մի մասը, միայն թե իրենց հանգիստ թողնեն: