22/11/2024

Հերթական «ֆալշ» բեմադրությունը «գերիացավով» տառապող ընդդիմության կողմից. Նպատակը ԱԳՆ-ին թիրախավորելն է

Ընդդիմությունը, ի դեմս ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների, ինչպես արդեն հայտնել ենք, որոշել է շահարկել այս օրերի «թոփ թեման»՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցն ու ակցիա է իրականացրել ԱԳՆ շենքի առաջ։

Նման զգայուն հարցերը՝ գերիներ, զոհեր, անհետ կորածներ, ընդդիմությունը լիուլի օգտագործում է իր քաղաքական այսրոպեական շահերի համար՝ մոռանալով հարցի բարոյական կողմի մասին, թքած ունենալով հոգեկան տառապանքի վրա, որում անխուսափելիորեն հայտնվում են գերիների, զոհերի, անհետ կորածների հարազատները մասնակցելով ընդդիմության այս կամ այն «թեմատիկ» ակցիային։ ԱԳՆ շենքի առաջ տեղի ունեցած ակցիան էլ, անխոս, քաղաքական օրակարգ չունեցող ընդդիմության համար շոու ապահովելու պատեհ առիթ էր, նկատենք՝ գործող կազմի՝ Գառնիկ Դանիելյան, Աննա Գրիգորյան և այլք, «ֆալշ» դերակատարմամբ։

Հետաքրքիր է՝ ինչու են հայրենի օպոզիցիոներները հենց այդ՝ ՀՀ պետական գերատեսչության շենքի առաջ որոշել «գերիացավով» տառապողի «պոզա» ընդունել, եթե գերիները պահվում են ոչ թե հիշյալ շենքի սենյակներից կամ դահլիճներից մեկում, այլ այդ շենքից հազարավոր կիլոմետրեր հեռվում։

Նույն հաջողությամբ տիկնայք և պարոնայք ընդդիմադիրները կարող էին ակցիան իրականացնել, ասենք, Սիսիանի քաղաքապետարանի, Մարալիկի «սանէպիդկայանի» կամ էլ կամ Աշոցքի «պաժառնու շենքի» առաջ ու նրանց մեղադրել գերիների հարցով «մատը մատին չտալու» և արհամարհելու համար։ Մեկ է, ինչպես որ ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ այդ հաստատությունները չեն իրենց բողոքի ու պահանջի հասցեատերը։

Նկատենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կար ցուցապաստառ, որի վրա պատկերված էին միայն ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես ԼՂՀ նախկին նախագահներ, Ռուբեն Վարդանյան, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան, Լևոն Մնացականյան։ Մինչդեռ Բաքվում պահվում են մեկ տասնյակից ավելի գերիներ։

ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, օրինակ, ձայնը գլուխը գցած ազդարարում էր. «Մենք այսօր հավաքվել ենք ԱԳՆ-ի առաջ՝ մեր բողոքը արտահայտելու ՀՀ ԱԳՆ-ի վարած քաղաքականությանը… արդեն լրանում է մեկ տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և արդեն տարիներ շարունակ Բաքվում գտնվող մեր ռազմագերիները անազատության մեջ են (ակունք իմաստնության-խմբ.)։ Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում, այսօր մենք ականատեսն ենք լինում ԱԳՆ-ի քաղաքականությանը, որը որ մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ այնտեղ գտնվող ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Հակառակը, հնչում են հայտարարություններ, որոնք դժվարացնում են մեր ռազմագերիների վիճակը։ Համաձայնություն տալով, որ COP 29-ը անցկացվի Բաքվում, պետք էր պահանջել, որ այդտեղ գտնվող բոլոր, կրկնում եմ՝ բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Առավել ևս եթե ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի Բաքու գնալու մասին, այդ որոշման միակ արդարացի քայլը կլինի նա, որ ասի, հայտարարի, որ չի լինելու Բաքվում, եթե բոլորը ազատ չեն արձակվելու»։ Պարզապես ապշեցուցիչ է պարոն Դանիելյանի մտահանգումների պրիմիտիվությունը, նրան երևի թվում է, թե դիվանագիտությունը վերջնագրերի լեզուն ու դաշնակցական ոճի հաթաթաներն են։ Եթե նման կերպ ձևակերպվեր հարցը, ապա Ադրբեջանը լեղաճաք կլիներ ու բոլոր, կրկնում ենք՝ բոլոր գերիներին մեկ մարդու պես կվերադարձներ ՀՀ։ Իսկ եթե լուրջ՝ հավանական է, որ ոչ մի գերի էլ չէր վերադառնա։ Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն, որպես բարի կամքի քայլ, իր աջակցությունն էր հայտնել «COP 29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ Ադրբեջանը 2023թ. տարեվերջին ազատ արձակեց գերեվարված 32 հայ զինծառայողի:

Նույն գառնիկդանիելյանական միտքը՝ պետք է «ԱԳՆ-ի շենքում նստած անձը» պայման դնի Բաքվի առաջ՝ COP 29-ին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում պահանջի որպես նախապայման ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ազդարարեց «Հայաստան»-ական մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը։

Ի դեպ, տիկին Գրիգորյանին ու նրա գործընկերներին պետք է հուշել, որ նրանք բնավ օրիգինալ չեն իրենց այս առաջարկում, գուցե նույնիսկ հետ են ընկել «ԱԳՆ-ի շենքում նստած անձից»։ Նրանք սույն ակցիան կազմակերպելիս երևի ներշնչվել են օրերս յուրային թերթերից մեկում տպագրված լուրից և որոշել են արդեն իսկ «առաջ քաշված պայմանը» իրենց լսարանին մատուցել որպես ԱԳՆ-ին արված «սեփական առաջարկ»։ Եվ ուրեմն, թերթն այդ գրել էր, որ հոկտեմբերի 24-ին Ալիև-Փաշինյան կազանյան բանակցությունների ժամանակ, որին մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարները, խոսք է գնացել գերիների շուրջ։ «Երբ Արարատ Միրզոյանն Ալիևին առաջարկել է COP 29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել և երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիևը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել. «Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետև գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։ Ալիևը շարունակել է. «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Թե ինչու է Պուտինը պահանջում Ռուբեն Վարդանյանին, այն դեպքում, երբ վերջինս հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Վարդանյանը 2021 թվականի հունիսին էր հայտարարել, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2022 թվականի սեպտեմբերին էլ հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին (այդ խնդրանքը բավարարել էր ՌԴ նախագահը նույն թվականի դեկտեմբերին)՝ մշտական բնակության տեղափոխվելով Արցախ։

Ի դեպ, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այս ընթացքում հարց էր հղվում Ռ. Վարդանյանի մասին, թե արդյոք ՌԴ-ն քննարկո՞ւմ է վերջինիս ազատ արձակելու հարցը Բաքվի հետ, տիկինը կտրուկ հիշեցնում էր՝ Վարդանյանը ՌԴ քաղաքացի չէ, «ուստի նման հարցերը պետք է ուղղվեն Բաքվին ու Երևանին»։

Նշենք, որ թե Ռ. Վարդանյանը, թե ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները ձերբակալվել են ԼՂՀ բռնի տեղահանման օրերին, այն պայմաններում, երբ ՌԴ խաղաղապահ ուժերը առաքելություն էին իրականացնում ԼՂՀ-ում և, ենթադրվում էր, պետք է երաշխավորեին ԼՂՀ ղեկավարության անվտանգությունն ու անարգել վերադարձը Հայաստան։

Հ. Մանուկյան