27/12/2024

Բախվել ենք որոշակի իրավական կազուսի. Ալեքսանյանը՝ Գյումրու քաղաքապետի ընտրության մասին

«Մեր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց բախվել ենք նաև որոշակի իրավական կազուսի հետ, և սրա մասին նաև գրում են ընդդիմադիր որոշ հանրային, քաղաքական գործիչներ»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքական զարգացումներին:

«Այնտեղ որոշակի տարընթերցումներ կա, և իրավական կոլիզիա կա երկու օրենքների միջև փաստորեն, ու հարց է առաջանում, թե ե՞րբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան, արդյոք առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները տեղի ունենալ՝ առանց համայնքապետի պաշտոնակատարի, քանի որ համայնքապետն է, որ, օրինակ, ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում, ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առջև ենք կանգնած»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ այժմ իրենց խմբակցությունը այդ իրավական խնդիրների քննարկման փուլում է, և փորձում են հասկանալ, թե ինչ մեխանիզմներ կան այդ կազուսը շրջանցելու՝ կարգի բերելու համար:

«Միանշանակ քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում, ու խստորեն դատապարտելի է «Բալասանյան» դաշինքի կողմից նման վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ դրա պատճառով քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում, փաստացի քաղաքը աղբի մեջ քիչ է մնում՝ կորի, այդ ամեն ինչը մեզ համար խստորեն դատապարտելի է: ՔՊ-ն հրաժարվել է կոալիցիայի մի մասից, բայց մանդատները վայր չի դրել, սկսել է աշխատել՝ որպես ընդդիմադիր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ճնշումների մասին խոսակցություններին, Ալեքսանյանը նկատեց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշել ավագանու մեծամասնություն չկազմող խմբակցություններից մեկին, ապա կճնշեր այնպես, որ այդ խմբակցությունից մի քանի հոգի կընտրեին ՔՊ խմբակցության թեկնածուին»:

«Չկա նման բան»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Բալասանյան» դաշինքին ճնշելու խոսակցություններին:

«Դուք երբևիցե Բալասանյան դաշինքի անդամներից որևիցե մեկից լսե՞լ եք նման բան: Այս իշխանության հասցեին տեղից վեր կացողը մտքին ինչ գալիս ասում է, բայց իրենք ճնշված են:

Ստում են, լկտի սուտ են խոսում, ու եթե նման բան ասող մարդ կա, թող իր անունով ասի և իր ասած ստերի համար պատասխան տա: Նրանք ուղղակի վրեժ են լուծել Գյումրիից ու գյումրեցիներից: Վրեժ են լուծել այն համայնքից, որը, ըստ երևույթին, իրենց չի տվել բավարար քվե՝ մեծամասնություն կազմելու համար»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Գյումրու քաղաքապետարանում աշխատավարձերի մասով էլ խնդիր կա, գնումների մասով էլ, դիզվառելիքի հետ կապված՝ ևս. «Շիրակի մարզպետը երեկ խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի դեռևս մնացած պաշտոնյանների հետ, նաև ՏԿԵ նախարարն է քաջատեղյակ, ու միասին մեխանիզմներ են մշակում, որպեսզի քաղաքը կոլապսի չմատնվի: «Բալասանյան» դաշինքի անթույլատրելի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության 2-րդ քաղաքը»: