03/07/2025

Չեղարկում են շրջանառության հարկը, ինչը դե ֆակտո նշանակում է միկրոբիզնեսի հարկային բեռի ավելացում

Կառավարությունը պատրաստվում է, ըստ էության, չեղարկել շրջանառության հարկը, ինչը դե ֆակտո նշանակում է միկրոբիզնեսի հարկային բեռի ավելացում: Այդ նախաձեռնությունը «փաթեթավորվում» է բավականին պաթետիկ մի նպատակադրումով՝ ձևավորել օրենսդրական այնպիսի դաշտ, որը կխթանի բիզնեսի ընդլայնում և զարգացում:

Կառավարության «բացատրությունն» այն է, որ ներկայիս օրենսդրությունը բիզնեսի համար շահեկան է դարձնում այսպես ասած փոքր մնալը, չմեծանալը կամ բիզնեսը փոքր մասերի տրոհելը՝ քիչ հարկ վճարելու համար: Սա, մեղմ ասած, տարօրինակ տնտեսական հիմնավորում և բացատրություն է մի երևույթի, որն ակնհայտորեն շատ ավելի պարզ է:

Կառավարությունը փորձում է լուծել ֆիսկալ խնդիր, այլ կերպ ասած՝ ավելի շատ փող հավաքելու խնդիր: 2024 թվականի բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով, ինչը ֆինանսների նախարարը բացատրել է նրանով, որ բյուջեն պլանավորվել է որոշակի սխալ, չեն արդարացել կանխատեսումները, աճել են ոչ հարկունակ ուղղությունները և այլն: 2025 թվականին սպասվում է ամենևին ոչ ավելի բարենպաստ տարի, հետևաբար թերակատարման ավելի մեծ ռիսկ: Աճում է նաև պետական պարտքը, և կառավարությունը ֆիսկալ խնդիր լուծելու համար բարձրացնում է միկրոբիզնեսի բեռը: Ստացվում է շատ ուշագրավ պատկեր:

Հայաստանում մի շարք խոշորներ, կամ առնվազն զգալիորեն խոշորներ, վերաարտահանում երևույթի միջոցով ստանում են գերշահույթներ: Խոսքը Ռուսաստանից մնացյալ աշխարհ և մնացյալ աշխարհից Ռուսաստան վերաարտահանման մասին է: Դրան զուգահեռ Հայաստանում գերշահույթներով է աշխատում բանկային համակարգը, որը վերջին երեք տարիներին համախառն ստացել է գրեթե 1,5 միլիարդ դոլարի շահույթ: Այդ գերշահութաբերության պայմաններում կառավարությունը որոշում է մտնել միկրոբիզնեսի գրպանը, ընդ որում՝ առանձնակի ցինզիզմով ու երեսպաշտությամբ հայտարարելով, որ անում է դա ոչ թե ֆիսկալ նպատակով, այլ հենց այդ բիզնեսի ընդլայնում խթանելու նպատակով: Միկրոբիզնեսը Հայաստանում միջին խավի ձևավորման կարևորագույն հարթություն է:

Այո, կան որոշներ, որոնք պարզապես իրենց ավելի մեծ մասշտաբն են թաքցնում միկրոբիզնեսի ներքո: Բայց պետությունն այդ երևույթի դեմ պայքարի համար ունի հարկային վարչարարություն և իրավապահ գործունեություն ծավալող ինստիտուտներ, որոնք վճարվում են հարկատուների գրպանից: Միկրոբիզնեսին «թիկունքում» թաքնվող կամ քողարկվող խոշորներին հայտնաբերելն այդ ինստիտուտների պարտականությունն է: Այդ պարտականությունը չի կատարվում, փոխարենը կայացվում է որոշում բարձրացնել հարկային բեռը տոտալ սկզբունքով: Սա էապես սպառնալու է միջին խավի ձևավորման կարևոր գործընթացին, հատկապես ներկայիս սոցիալ-հոգեբանական բարդ միջավայրում:

Դա նպաստելու է թե՛ բիզնես միջավայրի վատթարացմանը, թե՛ նաև ընդհանրապես Հայաստանում կենսամիջավայրի վատթարացմանն ու արտագաղթի խթանմանը, առնվազն հոգեբանական արտագաղթի: Անթույլատրելի է ֆիսկալ նպատակով գնալ այդպիսի արկածախնդիր գործողության, այն դեպքում, երբ երկրում կա շրջանառվող ահռելի ֆինանսական ծավալ և պետք է պարզապես հարկել այն տիրույթը, որտեղ այդ ծավալը շրջանառվում է՝ բերելով գերշահույթներ: Գերշահույթ ստացողի համար հարկային բեռը չի ավելանում, այլ դառնում է իր շահույթին համարժեք, իսկ պետությունը դրանից շահում է: Երբ ավելանում է միկրոբիզնեսի հարկային բեռը, դրանից կորցնում են բոլորը, բացի գերշահույթ ստացողներից: Այն, որ Հայաստանի տնտեսությունը ունի խոշոր բիզնեսի կարիք, կասկածից վեր է:

Ընդ որում՝ խոշոր ոչ թե զուտ հայաստանյան ծավալների հարաբերակցությամբ, այլ իսկապես միջազգային մրցունակության կարողությամբ խոշոր: Բայց դրա ձևավորման համար, այդ տիրույթում իրավիճակը տեսանելի քայլերով առաջ մղելու համար պահանջվում է դրան համարժեք տնտեսական քաղաքականություն, այսպես ասած՝ ծանր, լրջմիտ տնտեսական քաղաքականություն, ռազմավարական հայեցողությամբ և մտածողությամբ, որի միջոցով հնարավոր կլինի ձևավորել արտաքին խոշոր ներդրողների հետ գործակցության առարկայական նախադրյալներ: Ներկայիս աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններում իռացիոնալ է մտածել, թե հնարավոր է տնտեսության խոշոր տրամաչափ ձևավորել առանց արտաքին ներդրումային խոշոր գործընկերության: Իսկ դա անհնար է առանց «խոշոր» մտածողության: Միկրոբիզնեսի հարկային բեռն ավելացնելու միջոցով ֆիսկալ խնդիր լուծելու մտահղացումը ընդամենը կարող է ի ցույց դնել Հայաստանի տնտեսական քաղաքականության «մշակների» միկրոմտածողությունը: