Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ծննդյան 60-ամյակին նվիրված գրական ցերեկույթ էր կազմակերպել՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում։ Բազմաթիվ հյուրերի թվում էր նաեւ Բագրատ սրբազանը, որի օրհնությամբ եւ խոսքով էլ մեկնարկեց միջոցառումը։
«Նրա թանաքի գույնն իր արյան գույնն ունի»,- բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի Խաչիկ Մանուկյան մասին ժամանակին ասված այս խոսքերն եմ հիշում ամեն անգամ, երբ ընթերցում եմ նրա պոեզիան՝ մերթ ծեքծեքուն գունագեղությամբ սիրո հազար ու մի պատումների գեղարվեստական պատկերագրումներով, մերթ հզոր թափով հայրենիքին նվիրումներով, մերթ կորուստների ցավից առաջացած շնչարգելությամբ դեպի երկինք ու Արարիչ հղված անմիջնորդ դիմումներով, մերթ աստվածաշնյան ճշմարտությունների իր մարդկային, քննող, ընդդիմացող և հաշտություն կնքող տողերով և մերթ նոյյան փրկչական ուղերձներով․․․ Եվ միշտ՝ ամենաանկեղծ, և միշտ՝ արհեստականությունից հեռու, և միշտ՝ բողոքի, ցասման հեղեղումներին հաջորդող գարնանաշունչ եղանակներով․․․
«Բանաստեղծությունն այն ուժն է, որին հնարավոր չէ հաղթել»,- բանաստեղծի այս խոսքը, թերևս, այն գլխավոր եզրահանգումն էր, որ կարելի էր անել իր հետ հանդիպում – ցերեկույթից։
«Իմ ճանաչած բոլոր տարիների մեջ ոչ մի վայրկյան ընկալումներիդ, սկզբունքներիդ, ապրումներիդ, գրիչիդ մեջ փոփոխություն տեղի չի ունեցել,- բանաստեղծին դիմելով՝ ասաց Սրբազանն ու շարունակեց,- ո՛չ հարմարվելու, ո՛չ էլ կոմպրոմիս ունենալու կյանքում։ Եվ ինչպես միշտ եմ ասել, մեր սիրելի Խաչիկի թանաքի եւ արյան գույնը նույնն են։ Իսկ մեր կյանքի համար նա ընծայել է ոչ միայն իր գրիչը, միտքը, սիրտը, ամբողջական նվիրումը, այլեւ իր կյանքի ամենաթանկը՝ իր զավակին, որը բոլոր պոեմների, բանաստեղծությունների, հրապարակային խոսքի, ամենի խտացումն ու բարձրակետն է։ Մարդ, որի համար ոչ մի անգամ ոչ մի միլիմետր զիջում տեղի չի ունեցել եւ դեռ ավելին՝ անընդհատ ընծայում։ Շատ զորանաս, Խաչիկ ջան, թող Վաչագանն էլ երկնքից իր լայն ժպիտով ուղեկցի քեզ»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանի խոսքով, ներկաները հավաքվել են մի բանաստեղծի շուրջ, որը տարիներ շարունակ խոսել է մեր մտքից, հոգուց եւ սրտից․ «Դեռ շատ տարիներ առաջ առիթ եմ ունեցել գրելու Խաչիկ Մանուկյանի մասին եւ գրել եմ, որ մենք բախտավոր սերունդ ենք, որ ունենք Խաչիկ Մանուկյանի նման տաղանդավոր բանաստեղծի ժամանակակիցը լինելու բախտավորությունը։ Այսօր էլ նույնն եմ կրկնում։ Խ․ Մանուկյանը գալիս է մեր դասական գրականությունից, որի բոլոր չափանիշները նրա պոեզիայում ներառված են։ Նա այն քիչ բանաստեղծներից է, որի ապրումն անկեղծորեն տող է դարձել, եւ ցանկացած մեկը, կարդալով նրա բանաստեղծությունները, իրեն ընկեր կճանաչի, որովհետեւ այդքան մտերիմ կզգա, քանի որ խոսում է բոլորիս մտքի, հոգու հետ։ Ես չեմ ուզում անդրադառնալ նրա մարդկային կերպարին, փոխարենը ուզում եմ ընդգծել, որ այս գրականությունն ապրեցնելու է մեզ եւ ապրելու է շատ երկար տարիներ։ Իր վերջին՝ «Անմահականս» գիրքը, որ նվիրված է որդու հիշատակին, անհնար է առանց հուզմունքի կարդալ, բայցեւ մի մխիթարանք կա։ Երբ կարդում ես այդ դառը ապրումները, որոնք հուզում են քեզ մինչեւ հոգուդ խորքը, դրա կողքին կա նաեւ ապրելու եւ ապրեցնելու մի շատ գեղեցիկ պատգամ․ որքան էլ ինքը խոսում է իր վշտի մասին, բայց ընթերցողին փոխանցում է ապրելու կամք, արիություն, որպեսզի հայրենիքը մեր աչքի լույսի նման պահենք»։
Ներկաներին ողջունեց նաեւ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որն իր խոսքում նկատեց, որ իր 60-ամյակի հանդիսությունը Համազգայինը որոշել էր դեռ Բեյրութում անցկացնել, բայց «արկերը պայթեցին, հետո որոշեցինք, որ Երեւանն էլ պակաս Բեյրութ չէ, եւ, ուրեմն, հանդիպումն անցկացնենք Երեւանում»։ Բանաստեղծը նկատեց, որ իր տարեդարձը գարնանն էր, եւ հասցրին, ձմռան շեմը չհատած, նշել շատ պատվելի օջախում՝ Իսահակյանի տուն-թանգարանում, որտեղ վարպետի շունչը կա, որն ազգ է պահում։
«Եվ, ընդհանրապես, բոլոր այն գրողները, ովքեր գալիս են մեր պատմության ուժն իրենց մեջ կրելով, նրանք ազգապահպան երեւույթներ են, եւ պատահական չէ, որ այդ բոլոր տաղանդավորներն ընդվզեցին մեր ժամանակի դեմ, որովհետեւ իրենց ու մեր աչքի առաջ ազգ ու հայրենիք է վերանում։ Մենք այդ ամենը տեսնում ենք, բայց, ի ցավ մեզ, չենք ընկալում, մենք կարծես բթացել ենք մեր ժամանակի առաջ, ու կարծես սովորական են դարձել այս տեղատարափ կորուստները, այս տեւական փոխզիջումները, այն բութ մտքերը, որոնք մեր ազգին անընդհատ հղվում են։ Ես շատ ուզում եմ, որ մեր ժողովուրդն իր հայացքը շրջի Իսահակյանին, Թումանյանին, Քոչարին։ Իսկ այն գոյանքները, որ ասում էին՝ հերոսը հարկ մուծողն է, ես դրանց առաջարկում եմ՝ գնան կանգնեն Դավթի արձանի դեմը, եւ մի քիչ տղամարդու շունչ գա վրաները, որ հասկանան՝ հերոսն ով է, հարկ մուծողն ով է։ Բաներ կան, որ խելագարեցնում են մարդկանց։ Եվ շատ ուզում եմ, որ գնահատականները հենց սկզբից տալով հասկանանք, որ մենք մեր ազգային նկարագիրը կորցնել-չկորցնելու արահետում ենք, բայց երբեք ու երբեք, քանի դեռ ես շնչում եմ, թույլ չեմ տալու, որ իմ զավակի նվիրումն իր երկրին ու հայրենիքին փոշիացնեն»,- ընդգծեց բանաստեղծը։
Իր 60-ամյա ճանապարհը Խաչիկ Մանուկյանն անցել է բազմաթիվ գրքեր լույս ընծայելով ու հաջողություններ արձանագրելով՝ մատնանշում է գրականագետ Դավիթ Գասպարյանն ու նկատում, որ նա երբեք իր ձայնը չի հարմարեցրել ու չի կեղծել․ «Խաչիկն այն բանաստեղծն է, որ ընթերցողի, ժողովրդի առջեւ վերականգնեց բանաստեղծի, գրողի կերպարը։ Գրողների միության 500-600 անդամները՝ դեռ մի կողմ, բայց ժողովրդի, իրականության հետ գրականության կապերը դանդաղ խզվեցին, ու այսօր ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունն է հեռացել ընթերցողից։ Խաչիկ Մանուկյանն այդ հեռացումը կարճեց եւ ասաց՝ բանաստեղծը սա է, գրական խոսքն էլ՝ սա, որովհետեւ մարդու, ժամանակի, կյանքի հետ խոսել է պետք եւ գրական մարդու կերպարը վերականգնել այս ավերված ժամանակներում՝ այսքան կորուստների մեջ։ Հեշտ չէր, բայց Խաչիկը կարողացավ դա վերականգնել։ Շատ բարձր եմ գնահատում իր գրական ներկայությունը, քանի որ մեր առջեւ բանաստեղծ է, իրական ձայն»։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանի դիտարկմամբ էլ, Խաչիկ Մանուկյանն իր ստեղծագործական կենսագրությամբ նվաճել է բանաստեղծի սեփական բարձունքը․ «Հայրենիքը կրկին պղտոր փոթորիկների մեջ է, կրկին անարդարության ու զրկանքների զոհասեղանին, Խաչիկ Մանուկյանն այս փոթորիկներին կողքից չի նայում, այլ դրանց մեջ է ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, որպես բանաստեղծորեն իր ժամանակներն ու բարքերն արձանագրող, դրանց դեմ ընդվզող մտավորական ու քաղաքացի։ Ոժեղ են ու կրակոտ Խաչիկ Մանուկյանի տողերը, եւ ընթերցողի համար ակնհայտ է դառնում, որ նախքան թղթի վրա ամրագրվելը, դրանք անցել են բանաստեղծի արյունաթաթ տաք սրտի միջով»։
Բաց մի թողեք
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար