Դեկտեմբերի 10-ի առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խիտ մառախուղի պատճառով մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ նման օդանավերի թիվը մեծ չէ:
Մեզ փոխանցեցին, որ, մասնավորապես, Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և ուղևորվել է Թբիլիսի՝ այնտեղ վայրէջք կատարել պահուստային օդանավակայանում: Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել՝ մառախուղը։
«Եվս մեկ օդանավի թռիչք դեպի Մոսկվա, որը պետք է տեղի ունենար առավոտյան 08:00-ին, հետաձգվել է, բայց ինքնաթիռն արդեն բարեհաջող օդ է բարձրացել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Flydubai ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը ևս նախատեսված ժամին չի կարողացել վայրէջք կատարել, իջել է ավելի ուշ»,- նշեցին կոմիտեից՝ հավելելով, որ մյուս թռիչքների հետ կապված խնդիրներ չեն եղել:
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ Երևանի տարածքում և որոշ մարզերում մառախուղ է սպասվում նաև առաջիկա օրերին:

Բաց մի թողեք
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ԵՄ հանձնաժողովը դիտարկում է խոշոր բիզնեսի հարկի փոփոխություններ՝ բյուջետային համաձայնագիրը կնքելու համար
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում