12/12/2024

Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խմբակցության մեկ այլ պատամավորի՝ Հակոբ Ասլանյանի վերջին հայտարարություններին՝ արված ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի:

«Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով՝ հետաքրքիր է՝ Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարո՞ւմ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։

Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- գրել է Թորոսյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

Նա դիմել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ:

«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխելու իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։

Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ո՛չ խմբակցության նիստերին, ո՛չ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։ Ասլանյանը նաև ավելացրել է՝ մանդատը ցած չի դնի: