ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, թե ում ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը և ինչ տեղեկություններ է հայտնել:
«Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ՝ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։
Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու/կամ այլախոհության համար հալածյալի ու/կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել, ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա փաստացի հաստատել են Աղազարյանը, և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը։
Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի՝ Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։
Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարյանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։
Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկությունները ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ, մեկ բնութագրում ունի, որը, սակայն, այս գրառման մեջ չեմ զետեղի։
Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակը ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանությունները ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։
Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին, ապա այն, ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»,- գրել է Ալեքսանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա դիմել էր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտար պարզաբանումներ:
Ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը ևս հեռացվել է կուսակցության շարքերից:
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
Բաց մի թողեք
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ ակցիա կլինի
Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Գալյան, հետո՝ հիշեց