13/01/2025

Հաջիևը «վերադարձնում է մեր դիմանկարը»

Քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած ավելի քան չորս տարիներին Հայաստանի քաղաքական, փորձագիտական և հանրային խոսույթում բազմիցս վկայակոչվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը, որ կարողացել են ինքնակազմակերպվել, հաղթահարել պարտվածի բարդույթը, վերականգնել են տնտեսությունը, այդ թվում՝ ռազմական արդյունաբերությունը և ներկայումս աշխարհի յոթ ազդեցիկ պետությունների շարքում են, միջազգային քաղաքականության ծանրակշիռ դերակատար:

Որ այդ օրինակը «երկու ոտքից կաղում է», ակնհայտ է թեկուզ նրանով, որ հետպատերազմյան Գերմանիան և Ճապոնիան վերականգնման համար առաջին հերթին պարտական են Միացյալ Նահանգներին, որ այդ երկրներին ահռելի ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերել:

Բայց Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը վկայակոչումները Հայաստանի դեպքում ոչ միայն անհամարժեք, այլև իրավա-քաղաքական առումով չափազանց վտանգավոր են: Նախ, գոյություն չունի իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որ Հայաստանը քառասունչորսօրյա պատերազմում պարտվել է:

Միջազգային իրավունքի, անգամ կողմերի ազգային օրենսդրության իմաստով Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվել, որովհետև ոչ Բաքուն է Երևանին պատերազմ հայտարարել, ոչ էլ Երևանը՝ Բաքվին:

Նման ակտ Հայաստանի Ազգային ժողովը և Ադրբեջանի Միլլի մեջլիսը չի ընդունել: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունն արձանագրում է, որ կրակը և ռազմական գործողությունները դադարում են ղարաբաղյան հակամարտության գոտում:

Համեմատել Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմում անվերապահ կապիտուլյացիայի ակտ ստորագրած, մի քանի տարի դաշնակից երկրների օկուպացիոն զորքերի ենթակայության տակ գտնված Գերմանիայի կամ Ճապոնիայի հետ, նշանակում է առնվազն քաղաքական, փորձագիտական և հանրային խոսույթի մակարդակում ընդունել, որ քաեասունչորսօրյա պատերազմն ավարտվել է Հայաստանի կապիտուլյացիայով, մի թեզ, որ, ի դեպ, Ադրբեջանից առաջ շրջանառել է հայաստանյան ընդդիմությունը:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի «միլիտարիզացման» առթիվ մտահոգություն է հայտնել: Նա քննադատել է Ֆրանսիային, որ «խախտում է որպես ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամի միջազգային պարտավորությունները և Հայաստանին մահաբեր սպառազինություններ մատակարարում»:

Ալիևի այս քարոզչական նարատիվը նորություն չէ: Վտանգավորը Հաջիևի այն դիտարկումն է, որ «ագրեսոր երկրի (Հայաստանի) նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակի օրինակով պետք է սահմանվեն սպառազինվածության միջազգային պարամետրեր»:

Այս խնդրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է անդրադարձել, անգամ սպառնացել է կանխարգելիչ հարվածներ հասցնել, եթե համոզվի, որ Հայաստանի ձեռք բերած սպառազինություններն Ադրբեջանի համար վտանգ են ներկայացնում»: Հաջիևն այսօր շոշափում է Հայաստանի սպառազինվածության «միջազգային պարամետրեր սահմանելու հարցը:

Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո նոր իրավիճակ է: Իսրայելը ոչնչացնում է սիրիական գրեթե ողջ զինանոցը: Սիրիական կարգավորումն, ամենայն հավանականությամբ, ներառնելու է նաև այդ երկրի զինված ուժերի, սպառազինվածության հետ կապված հարցերի համալիրը:

Բաքուն, երևում է, ձգտում է Հայաստանի Զինված ուժերի, սպառազինությունների, անվտանգության համակարգի խնդիրը դարձնել բանակցությունների թեմա: Հաջիևը «վերադարձնում է մեր դիմանկարը»: Հայաստանում քաղաքական, փորձագիտական հանրային խոսույթի «վերբեռնման» հրատապ անհրաժեշտություն կա: