Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի ԽՍՀՄ ժամանակի քարտեզներից ու սահմաններից, ապա առիթ կտա Ադրբեջանին էլ չճանաչել Հայաստանի միջազգային սահմանն ու այն դարձնել թիրախ:
Փաշինյանը, իհարկե, առաջին անգամ չէ, որ արտահայտում է այդ միտքն ու որպես օրինակ բերում Կիրանցը: Այստեղ, իհարկե, անհրաժեշտ է որոշակի հստակեցում: Նախ, իհարկե, սահմանազատման ու սահմանագծման գործընթացում պետք է լինի որևէ ելակետային հիմք, և ներկայի դրությամբ, իհարկե, Հայաստանը չունի առավել նախընտրելի, հարմար տարբերակ, քան ԽՍՀՄ քարտեզները:
Հարցը այն է, սակայն, որ ԽՍՀՄ քարտեզն ինքնին սպառիչ հասկացություն չէ: Այդ քարտեզները տարբեր են, դրանց ձևավորման գործընթացները եղել են տարբեր, հետևաբար, ինքնին ԽՍՀՄ քարտեզ արտահայտությունը ոչինչ չասող է, որովհետև մի քարտեզ կարող է առավելություն տալ Հայաստանին, մեկ այլը՝ Ադրբեջանին:
Եվ այստեղ էական է դառնում, թե այդ պրոցեսը որքանով է իրականացվելու ստույգ, շատ հստակ և աներեր հղումներով, այլ ոչ թե կամայական մեկնաբանությամբ, որը կբխի ուժերի բալանսից, ինչը դժբախտաբար Հայաստանի օգտին չէ:
Ինչ վերաբերում է Կիրանցի օրինակին, ապա Նիկոլ Փաշինյանն անշուշտ ինքն էլ լավ է պատկերացնում, որ խոսքն ընդամենը Ադրբեջանի միակողմանի պահանջի մասին է, որտեղ միայն պրոցեսն ավարտելուց հետո է, որ հայտարարվել է, թե ինչ քարտեզով է այն արվել: Բայց, այս պահին կա թերևս ավելի կարեւոր հարց, թե ինչո՞ւ չկա համաձայնություն սահմանազատման ու սահմանագծման նոր հատվածի վերաբերյալ, եթե անգամ համարենք, որ Կիրանցում եղել է սահմանազատում և սահմանագծում:
Ինչու՞ չկա համաձայնություն նոր հատվածի վերաբերյալ, այն դեպքում, երբ կողմերը օգոստոսի 30-ին ստորագրել են սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, Հայաստանը այն անցկացրել է միջպետական վավերացման գործընթացով, և նախագահը ստորագրել է հոկտեմբերի 24-ին, իսկ հոկտեմբերի 25-ին էլ ստորագրել է Ալիևը, թեև Ադրբեջանը կանոնակարգը չի տարել Սահմանադրական դատարան կամ խորհրդարան, այսինքն՝ վերաբերել է դրան ավելի ցածր կարգավիճակով, քան Հայաստանը:
Ընդ որում ուշադրության է արժանի, որ Հայաստանը կանոնակարգի վավերացումն ավարտեց և նախագահն այս ստորագրեց հոկտեմբերի 24-ին՝ Նիկոլ Փաշինյանի Կազան կատարած այցի շեմին, որտեղ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպեց Իլհամ Ալիևի հետ:
Ալիևն էլ Ադրբեջանում կանոնակարգը ստորագրեց հոկտեմբերի 25-ին՝ փաստորեն Կազանի հանդիպումից հետո: Դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հանձնաժողովների նախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում, ըստ հաղորդագրության: Սակայն առ այսօր հայտնի չէ, թե որն է լինելու սահմանազատման ու սահմանագծման նոր հատվածը:
Բաց մի թողեք
Բլինքենին կփոխարինի Ռուբիոն. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պետքարտուղարի թեկնածությունը
ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. Լուսանկար
«Ունեցել են քառասուն սպանված, փորել հարյուր գերեզման». Բաքվի ջարդերի 35-րդ տարին