Գյումրու քաղաքապետարանի նախասրահում զարդարված տոնածառն ազդարարում է՝ գալիս են նոր ժամանակներ:
Կառույցը, ի տարբերություն նախորդ երկու ամիսների, մարդաշատ է, գրեթե բոլոր աշխատակիցները տեղերում են, բաժնի պետերն էլ՝ նիստերի դահլիճում:
Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նախկին պետ, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սարիկ Մինասյանը դեկտեմբերի 13-ին քաղաքապետարան մտավ այս անգամ որպես փրայմերիզը հաղթած քաղաքապետի պաշտոնակատար:
Բաժնի պետերը համբերատար սպասեցին մինչև նա ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Երևանից հասնեն Գյումրի: Ձեռքսեղմումներից, բարևից ու ողջույններից հետո նախարարը հայտարարեց՝ Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։ Ավելին՝ Սարիկ Մինասյանը նաև առաջիկա արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է լինելու:
Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կառույցում շատերին է ճանաչում, ինչպես տարիներ առաջ, այսօր էլ եկել է աշխատելու: Վստահ է՝ արհեստավարժ թիմ է ունենալու:
«Ովքեր պատրաստ են ինձ հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու, որովհետև ժամանակը շատ քիչ է, խնդիրները՝ շատ, 2 ամսից ավել Գյումրին համայնքի ղեկավար չի ունեցել: Կարծում եմ՝ եթե եռանդով լծվենք գործին, ամեն բան կկարգավորենք: Բաժնի պետերի հետ խորհրդակցություն կանցկացնեմ, կգնահատեմ հարցերի հրատապությունը, և, ըստ հերթականության, կանդրադառնանք դրանց»,- ասաց Մինասյանը:
Ի՞նչ կադրային վերադասավորումներ կլինեն: Հարցին Մինասյանը հստակ պատասխան չունի:
«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել»,- ասաց նա:
Ժամանակին «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիրը խզեց՝ առաջին պլան բերելով ստվերային կառավարման փաստը: Այսօր դաշինքը չկա, սակայն թիմից բազմաթիվ պաշտոնյաներ շարունակում են աշխատել: Չկա՞ մտավախություն, որ ստվերը դեռ տեղում է՝ հարցին, Մինասյանն արձագանքեց՝ եթե կլինեն այդպիսիք, չեն շարունակի աշխատել:
«Բնականաբար, կան անձնական կապեր, երկար տարիների նույնիսկ բարեկամական կապեր ունեցողներ կան, էդտեղ միշտ լինելու է անվստահություն, կարծում եմ՝ իրենք էլ ճիշտ կհասկանան և իրենց կողմից առաջին քայլը կկատարեն»,- ընդգծեց Մինասյանը:
Կանխատեսելի՞ էր արդյոք Սարիկ Մինասյանի համար փրայմերիզի արդյունքները: Նրա խոսքով՝ եթե կանխատեսելի չլիներ, չէր ինքնառաջադրվի:
Մինասյանը չի հերքել խոսակցությունները, որ իր առաջադրմամբ մեծապես շահագրգիռ է ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը՝ նշելով, թե ով իրեն ճանաչում է, այդ հարցում շահագրգիռ է:
Հիմա արդեն հաղթանակից և նշանակվելուց հետո նախատեսում է քաղաքացիների հետ ավելի մեծացնել շփումները, որ մարդիկ իրեն ավելի լավ ճանաչեն, քանի որ առջևում արտահերթ ընտրություններն են, և գյումրեցին պետք է հասկանա՝ արժե՞ իրեն վստահել քաղաքի ղեկը:
«Գյումրին ընտրական գործընթացներում միշտ առանձնացել է իր դիրքորոշմամբ, գյումրեցին նախընտրությունը մշտապես տվել է ոչ թե կուսակցությանը, այլ անձին: Այնպես որ եթե ընդունեմ ՔՊ-ին անդամագրվելու որոշում, կամ չընդունեմ, հաստատ գյումրեցին կրկին կգնահատի իմ անձը, թե նախկինում ով եմ եղել, ինչպիսի քաղաքապետ եմ, ինչ եմ կարողացել անել և իր ընտրությունը կկատարի: Էս պահին ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ ՔՊ-ին իմ անդամակցումը»,- ասաց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը:
Ի՞նչ արդյունք է ակնկալում Սարիկ Մինասյանը արտահերթ ընտրություններում: Ըստ Մինասյանի՝ ընթացքը չգիտի, բայց ավարտը լավ է լինելու, հենց այսօրվանից էլ պատրաստվում են ընտրություններին:
Այս պահին Մինասյանը քաղաքապետարան մենակ է եկել, սակայն չի հերքում, որ իր վստահելի անձանց էլ կբերի:
«Բնականաբար, իմ վստահելի մարդիկ էլ պետք է լինեն, որ կարողանամ հանձնարարությունը տամ, ու ինքը արագ կարողանա իմ հանձնարարած խնդիրներն արագ լուծի»,- նկատեց Մինասյանը:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 14-ի աստղագուշակ․ Այսօր ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն
Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլում