17/01/2025

Ինչո՞ւ են վիճակագրական տվյալները հակասում իրար․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի «անհամաձայնություն»-ները

Բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) ամփոփել և հրապարակել է 2024թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշներ՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին» բաժնի «Ժողովրդագրական իրավիճակ» ենթաբաժնում, որտեղ արտացոլված են նաև նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի տվյալները։

Սակայն, երբ դիտարկում ենք առանձին՝ 2023թ․-ի նոյեմբերի 6-ին «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2023թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ» հրապարակումը, որոշակի մոլորություն է առաջանում տվյալների անհամապատասխանության առնչությամբ։ Ուստի, այս առիթով, կարևորում ենք վերոնշյալ հրապարակումների վերաբերյալ ուսումնասիրության և պարզաբանման խիստ անհրաժեշտությունը։

Բանն այն է, որ 2022թ.-ին անցկացված մարդահամարի հիմնական արդյունքների ամփոփումը ՎԿ-ի կողմից իրականացվել է 2023թ.-ի վերջին, ուստի բնական է, որ 2023թ.-ի նոյեմբերի 6-ի «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2023թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ» հրապարակման հիմքն է ոչ թե 2022թ.-ի, այլ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները: Այնինչ, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ հրապարակումն արդեն իսկ ընդգրկել է 2022թ.-ի մարդահամարի ցուցանիշները։

Հետևաբար, թյուրըմբռնումից խուսափելու համար անհրաժեշտ է դիտարկել ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին ՎԿ-ի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին» հրապարակման «Ժողովրդագրական իրավիճակ» ենթաբաժինը, որտեղ վերոնշյալ 2 տարիների համար էլ հիմք են հանդիսացել վերջին մարդահամարի արդյունքներով ստացված ցուցանիշները։

Այսպիսով, 2022թ.-ի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 67.4 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 976 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1 մլն 91.4 հազ. մարդ: Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3․8%-ով։

Հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ 2024թ.-ի առաջին 9 ամիսների ՀՀ մշտական բնակչության թվաքանակը համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ըստ մարզերի։ Այս պարագայում, 2024թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի անկում արձանագրվել է միայն Սյունիքի մարզում՝ տարեկան կտրվածքով՝ 1100 մարդ կամ 0․9%։