ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն:
«Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպության մեջ է ներգրավել Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ին, ով Հ.Մ.-ին է տրամադրել սեփականության իրավունքով Ս.Ա.-ին պատկանող հողատարածքի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վերջինիս անձնագրի պատճենը:
Այնուհետև, Հ.Մ-ն մշակված հանցավոր սխեմայի մասին տեղեկացրել է ընկերոջը՝ փաստաբան Ա.Ղ.-ին, ում առաջարկել է որոշակի մասնաբաժնի դիմաց վերը նշված անշարժ գույքի գործարքը կատարել նրա ծանոթ նոտարի մոտ, ինչին վերջինս համաձայնել է:
Արդյունքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հազար ՀՀ դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 հազար ԱՄՆ դոլար:
Բացի վերը նշված դեպքից, Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է Երևանում գտնվող մեկ այլ բնակարանի վերաբերյալ, որի սեփականատերը մահացած է, ևս կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել, ինչի արդյունքում 2022 թ. սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով խարդախությամբ հափշտակվել է Ռ.Ք.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, որը սեպտեմբերի 13-ին Հ.Մ.-ն 40 մլն 450 հազար ՀՀ դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացված գումարից 31 հազար ԱՄՆ դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցվել է Ա.Ղ.-ին:
2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ա.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հանցավոր կազմակերպության ղեկավարի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախությունը), 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և մասնակիցների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները, գուցե նաև նոտարներին կարգի հրավիրող լինի
Երևանում դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է եղել. Լուսանկար
Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ մարտահրավեր