05/02/2025

Ի՞նչ էր ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ

Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաեւ հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն, ինչ վերջին վեց տարիներին տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը:

Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար նախ՝ պետք է վստահ լինել, որ նա գիտի՝ ինչ է ռազմավարությունը: Որովհետեւ եթե իմանար, Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջեւ չէր կանգնեցնի:

Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձեւակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ նրա մեջ ընդգծված տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի առնչությամբ:

Ենթադրաբար՝ նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը, կարծես թե, լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:

Իսկ իմաստ ունի՞ արդյոք ապագայի մասին հրապարակային խոսակցություն ծավալել եւ խորհուրդներ տալ մի մարդու, ով 2021-ին բոլորին խաբում էր, թե «Ապագա կա»:

Իմաստ ունի՞ որեւէ բան քննարկել մի մարդու հետ, ով հանուն իշխանության պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարավոր կյանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատվությունից խուսափել ու այլոց մեղադրել:

Իր իշխանության վեց տարիներին ճակատագրական որոշումներ կայացնելիս՝ Նիկոլի մտքով ինչո՞ւ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետեւանքների մասին: Եվ, վերջապես, ինչո՞ւ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու…

«Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն այլեւս հուսադրող չեն: Ձախողվել եւ/կամ տապալվել է երկրի անվտանգության հայեցակարգը, արտաքին հարաբերություններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսությունը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարությունից քաղաքացիների դժգոհությունը, ՔՊ-ում սկսել են չենթարկվել, բանի տեղ չդնել նրա ասածները եւ այդպես շարունակ:

Այս իրավիճակում, նա պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրի (մանավանդ՝ իմանալով, որ չեն գնալու) եւ ձեռքի հետ էլ փորձի էժան շահաբաժիններ փախցնել, այլ վաղուց պետք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին եւ ճգնաժամային կառավարման խորհուրդ ձեւավորելու առաջարկությամբ հանդես գար:

Այսօր գոնե Արցախի հետպատերազմյան մասը կպահպանվեր, Սյունիքին սպառնացող վտանգները կչեզոքանային ու այսքան աղետալի վիճակում չէր հայտնվի Հայաստանը:

Կընդունեին առաջարկը, թե՝ ոչ, այլ հարց է: