15/01/2025

Հայաստանի պետական ընթացքի հիմնարար խնդիրների շարքում է գավառականությունը

Թերևս, դժվար է վիճել, որ Հայաստանի պետական ընթացքի հիմնարար խնդիրների շարքում է գավառականությունը, իսկ գուցե նույնիսկ՝ խնդիրների մի ահռելի մասի արմատում: Գավառականությունը մոլախոտի պես տարածված է ամենուր:

Ընդհանարապես, ագրեսիվ ու մարտնչող գավառականությունը Հայաստանում թույլ չի տվել ստեղծել ու զարգացնել որևէ ինստիտուտ, ընդհուպ պետականության ինստիտուտը, և նույնիսկ ձևավորել դրա մասին հանրային սոցիալ-հոգեբանական, մշակութաբանական պատկերացումներ, որոնք թույլ կտային սահմանել բարձր նշաձողեր տնտեսական, քաղաքական, հասարակական վերնախավերի համար:

Այսօր վարվող քաղաքականության համատեքստում խնդիրը ենթարկվում է «նոր ժամանակների» տրանսֆորմացիայի, զարգանալով պետության, պետականության իմաստի ու վարքի «կենցաղայնացման» վտանգավոր միտումով, որ դրսևորվում է ընդհուպ բարձրաստիճան պաշտոնական մակարդակում:

Մեծ հաշվով, ջնջվում է պետության ու կենցաղի սահմանը: Կասկածից վեր է, որ պետությունը նաև կոչված է ապահովել իր քաղաքացիների բարեկեցիք, պաշտանված կենցաղ՝ իրավապես, սոցիալապես, հոգեբանարոն:

Բայց, այդ խնդիրը լուծելու համար պետական մեխանիզմի կենսունակությունը պահանջում է, որ պետությունն ու կենցաղը այդուհանդերձ լինեն տարանջատված «իմաստներ»: Որովհետև, երբ դրանք նույնանում են, դառնում ընդամենը նույն երևույթի պարզապես տարբեր շերտեր, ապա պետությունը դադարում է թե ֆունկցիոնալ լինել իր քաղաքացիների կենցաղային իրավունքների պահպանության կամ ապահովման հարցում, թե դադարում է ֆունկցիոնալ լինել ընդհանրապես այն վերկենցաղային «դիսցիպլիններում», որոնցում իբրեւ գործիք հանրությունները եկել են պետություն ձևավորելու և այդ հարցերը պետական մեխանիզմին պատվիրակելու համաձայնության:

Ըստ այդմ, պետության և կենցաղի իմաստային սահմանը գործնականում հավասարազոր է պետական սահմանին՝ իր նշանակությամբ, իր ֆունկցիոնալությամբ:

Հետևաբար, այդ սահմանի պահպանությունը ինքնին հավասարազոր է դառնում պետական սահմանի պահպանությանը: Երբ չկա պետության ու կենցաղի միջև սահմանը, ապա դա, ըստ էության, նշանակում է պետական սահմանախախտում: