Այս տարի հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։
Ս․ Սարգիսը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:
Երբ քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ են սկսվում, սուրբն իր որդու հետ ապաստանում է Հայաստանում։ Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:
Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա:
Առաջինը նահատակվում է սրբի որդին՝ Մարտիրոսը։ Սուրբն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվեց հանուն քրիստոնեական հավատքի։
Ժողովրդական ավանդույթներ
Ս․ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։
Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։
Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեղեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ:
Այդ օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը:


Բաց մի թողեք
Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ. Լուսանկար
Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ