Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։
Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա են գտնվել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը և կնպաստի փախստականների իրավունքների պաշտպանությանը։

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառումը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը վերահաստատել է փախստականների ներառման՝ Կառավարության հանձնառությունը։ Նա ընդգծել է այդ նպատակով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության կարևորությունը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս հաստատել է փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն ուղղված՝ ԵՄ հանձնառության շարունակականությունը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։

Բաց մի թողեք
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել