31/10/2026

EU – Armenia

Երբ տան պատերը դառնում են լռության վկաներ․ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»՝ Սունդուկյանի թատրոնի բեմում. Լուսանկարներ

Լռությունը երբեմն ավելի բարձր է գոռում, քան ամենաաղմկոտ ճիչը։ Իսկ փակ դռների հետևում կուտակված ցանկությունները վաղ թե ուշ վերածվում են ողբերգության։

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում երեկ կայացավ իսպանացի մեծանուն բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (La casa de Bernarda Alba) դրամայի պրեմիերան։ Երկու գործողությամբ ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է մի աշխարհ, որտեղ պատերն ավելին են, քան պարզապես տարածքի սահմաններ, լռությունն ավելին է, քան խոսքի բացակայություն, իսկ տան ներսում տիրող կարգուկանոնը վերածվում է մարդկային ճակատագրերը խեղդող անողոք իշխանության։

Սա պատմություն է մի ընտանիքի մասին, բայց շատ ավելին՝ կնոջ ազատության, ճնշված ցանկությունների, հասարակական կեղծ բարոյականության, նախանձի, սիրո և այն ողբերգական գնի մասին, որը մարդիկ վճարում են, երբ սեփական կյանքը տնօրինելու իրավունքը նրանցից խլված է։

Բեմադրվող տարբերակի հեղինակը երջանկահիշատակ ռեժիսոր Վահե Շահվերդյանն է, այս բեմադրության ռեժիսորը՝ Գալուստ Ներսիսյանը, ով պահպանել է ամբողջությամբ շահվերդյանական ոգին, զգեստների և բեմի նկարիչը՝ Իզաբելլա Սոֆրոնովան, երաժշտական ձևավորումը՝ Սուրեն Շահվերդյանի։

Բեռնարդա Ալբայի կերպարը մարմնավորում են Նելլի Խերանյանը, մյուսների կերպարները՝ աղախին՝ Գրետա Մեջլումյանը, դուստրերը՝ Լուսինե Կոստանյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Պետրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Արաքսյա Մելիքյանը, տատիկը՝ Սիրանուշ Եսայանը և ևս աղախին՝ Ջուլիետա Բաբայանը։

Բեմ, որտեղ հանդիսատեսն այլևս պարզապես դիտորդ չէ

Ներկայացման առաջին իսկ լուծումը հուշում է, որ հանդիսատեսին սովորական թատերական դիտման փորձառություն չի սպասվում։ Բեմադրության տարածական կազմակերպումն անսովոր չէ թերևս սունդուկյանցիների համար ևս․ հանդիսատեսը հայտնվում է բեմական տարածության ներսում, իսկ գործողությունները ծավալվում են ընդամենը երկու մետր հեռավորության վրա։

Այդ մոտիկությունը պարզապես ռեժիսորական հնարք չէ։ Այն վերացնում է բեմի և դահլիճի միջև ընդունված պայմանական սահմանը՝ հանդիսատեսին դարձնելով տեղի ունեցող ողբերգության անմիջական վկան։ Այստեղ այլևս հնարավոր չէ անվտանգ հեռավորությունից հետևել հերոսների ճակատագրերին։ Նրանց հայացքները, լռությունները, զսպված շարժումները, հանկարծակի բռնկումներն այնքան մոտ են, որ երբեմն թվում է՝ դու էլ ես այդ տան մի մասը, նրա փակ օդի, խեղդող մթնոլորտի և անխուսափելի բախումների մասնակիցը։

Եվ ահա ներկայացումը սկսվում է մի տպավորիչ, գրեթե սպառնալից տեսարանով․ հանդիսատեսի թիկունքում ճռնչյունով իջնում է բետոնե պատը։ Ծանր, անողոք, սառն ու անխուսափելի այդ պատը կարծես մի ակնթարթում սահմաններ է գծում։ Այն ոչ միայն փակում է տարածքը, այլև խորհրդանշականորեն թակարդում բոլորիս Բեռնարդա Ալբայի ողբերգական ընտանիքում։ Այդ պահից այլևս ելք չկա դեպի ազատ տարածություն․ կա միայն փակ աշխարհը, որտեղ յուրաքանչյուրն իր ճակատագրի գերին է։ Բետոնե պատը դառնում է ներկայացման կարևորագույն խորհրդանիշներից մեկը։ Այն հիշեցնում է ոչ միայն ֆիզիկական սահմանների, այլև հասարակական արգելքների, ավանդույթների, պարտադրանքի և այն անտեսանելի պատնեշների մասին, որոնք մարդը երբեմն ինքն է կառուցում իր ու կյանքի միջև։ Այդ տան պատերը չեն պաշտպանում։ Դրանք բանտարկում են։

Բեռնարդա Ալբայի տունը․ իշխանություն և պատիժ

Լորկայի ստեղծագործության հիմքում այրիացած Բեռնարդա Ալբայի ընտանիքն է։ Մոր խիստ կամքի ներքո ապրող հինգ դուստրերը պարտադրված են ենթարկվել տան օրենքներին։ Մոր որոշած 8 տարի` երկարատև սուգը, հասարակական կարծիքի նկատմամբ հիվանդագին վախը, պատվի ու բարոյականության մասին կոշտ պատկերացումները նրանց զրկում են սեփական կյանքն ապրելու հնարավորությունից։

Բեռնարդա Ալբան տան բացարձակ տիրակալն է։ Նրա խոսքը հրաման է, նրա կամքը՝ օրենք, իսկ անհնազանդությունը՝ պատժելի արարք։ Նրա մշտական կոչը՝ «Անցանք գործի՛», կարծես ամբողջ ներկայացման ներքին ռիթմն է սահմանում։ Գործողություններ, պարտականություններ, վերահսկողություն, կարգուկանոն։ Ամեն ինչ պետք է շարունակվի ըստ սահմանված կանոնների։ Միայն թե այդ կարգուկանոնի մեջ տեղ չկա մարդկային զգացմունքների, սիրո, երիտասարդության և ազատության համար։

Բեռնարդայի տունը կանանց աշխարհ է, բայց ոչ կանանց ազատության տարածք։ Այստեղ տղամարդու ֆիզիկական ներկայությունն անգամ անհրաժեշտ չէ, որպեսզի նրա շուրջ ձևավորվեն ցանկություններ, մրցակցություն, խանդ ու բախումներ։ Եվ հենց այստեղ է Լորկայի դրամատուրգիական հանճարը․ գլխավոր տղամարդ կերպարը՝ Պեպեն, բեմում ներկա չէ, սակայն նրա աններկա ներկայությունն ավելի զորեղ է, քան գործող հերոսներից շատերինը։ Նա չի հայտնվում, բայց նրա շուրջ է պտտվում տան ներսում ծավալվող դրաման։ Նրա անունը, նրա նկատմամբ կանանց զգացմունքները, նրա հետ կապվող հույսերն ու սպասումները դառնում են փակ տարածության գլխավոր շարժիչ ուժը։

Երեք քույրերի զգացմունքները բախվում են միմյանց, և սիրո, ցանկության ու սեփական երջանկության որոնումը վերածվում է անխուսափելի առճակատման։ Այն աշխարհում, որտեղ կանայք զրկված են ազատ ընտրության հնարավորությունից, նույնիսկ սերը դառնում է պայքարի առարկա։

Ներկայացման ամենադիպուկ ու ցնցող մտքերից մեկն էլ հենց այդ հակասությունն է արտահայտում. «Մենք այլևս քույրեր չենք, կին ենք, ուրեմն՝ թշնամի»։ Մի նախադասություն, որի մեջ խտացված է ամբողջ դրամայի ողբերգական փիլիսոփայությունը։ Քույրական կապը, ընտանեկան մտերմությունը, տարիներով ձևավորված հարաբերությունները մի ակնթարթում նահանջում են կանացի ցանկությունների, խանդի և մրցակցության առաջ։ Բայց արդյո՞ք նրանք իսկապես միմյանց թշնամիներն են, թե՞ նույն բանտարկության տարբեր զոհերը։

Լորկայի աշխարհում պատասխանն ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է։ Նրանց հակամարտության իրական պատճառը ոչ միայն տղամարդն է, այլև այն հասարակությունը, որը կնոջը սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք չի տալիս։

Երբ նույնիսկ կարեկցանքն է վտանգավոր դառնում

Ներկայացման հատկապես տպավորիչ դրվագներից մեկն այն տեսարանն է, որը կապված է հարևանի հարսի և նրա նորածին երեխայի հետ։ Կինը թաքցնում է երեխայի բարուրը, իսկ շունը գտնում ու անվնաս վերադարձնում է այն՝ դնելով հարսի շեմքին։ Այդ դեպքը վերածվում է գյուղական համայնքի բուռն դատաստանի առիթի։ Հավաքված մարդիկ պատրաստ են տաք շամփուրներով պատժել կնոջը։

Սա արդեն միայն մեկ կնոջ ճակատագրի մասին չէ։ Սա հասարակության դաժանության, ամբոխային մտածողության և կնոջ նկատմամբ անողոք վերաբերմունքի բացահայտ դրսևորումն է։ Հատկանշական է, որ այդ պահին Բեռնարդա Ալբայի հինգ դուստրերը, չնայած միմյանց միջև եղած հակասություններին, բարձրաձայն հանդես են գալիս այդ կնոջ պաշտպանության դիրքերից։ Նրանք աղմուկ են բարձրացնում՝ փորձելով պաշտպանել նրան։

Ինչո՞ւ։ Որովհետև այդ կնոջ ճակատագրի մեջ նրանք տեսնում են նաև իրենց հնարավոր ապագան։ Այսօր դատում են մեկ ուրիշին, վաղը կարող են դատել իրենց։ Այսօր մեկ ուրիշի նկատմամբ են գործադրվում հասարակական բարոյականության դաժան օրենքները, վաղը նույն օրենքները կարող են իրենց կյանքը խորտակել։ Այդ տեսարանը ներկայացման մեջ ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Հինգ դուստրերը, որոնք իրենց տան ներսում բաժանված են, արտաքին աշխարհի դաժանության առջև մի պահ դառնում են միասնական։ Նրանք հասկանում են, որ իրենց միջև եղած հակամարտությունից ավելի մեծ է այն ուժը, որը բոլորին հավասարապես ճնշում է։

Ութսունամյա մոր երազանքը՝ կյանքի հանդեպ վերջին ընդվզումը

Բեռնարդայի ութսունամյա մայրը ևս առանձնահատուկ կերպար է։ Նա անընդհատ ցանկանում է, որ սանրեն իր մազերը։ Այդ թվացյալ փոքրիկ ցանկության մեջ թաքնված է շատ ավելի մեծ մի բան՝ կնոջ՝ դեռ գեղեցիկ լինելու, ուշադրության արժանանալու, սիրվելու և ապրելու իրավունքի պահանջը։ Նա ցանկանում է ամուսնանալ, երազում է ամուսնության և սպիտակամորթ, փրփուր երեխաների մասին։ Տարիքը, ընտանեկան կարգավիճակը, հասարակության պատկերացումները նրա համար այլևս նշանակություն չունեն։ Նրա երազանքը կարծես դուրս է գալիս այդ տան սահմաններից՝ դեպի մի աշխարհ, որտեղ դեռ հնարավոր է ցանկանալ, սիրել և հույս ունենալ։ Բայց նրա ցանկությունները նույնպես ընկալվում են որպես անհարմարություն, խանգարում, տան կարգուկանոնը խախտող երևույթ։

Այս կերպարը, թերևս, ներկայացման ամենահուզիչ հակադրություններից մեկն է։ Մի կողմից՝ Բեռնարդան, որն իր դուստրերին զրկում է ազատությունից՝ հանուն պատվի և կարգուկանոնի, մյուս կողմից՝ նրա մայրը, որն իր տարիքով ու վիճակով հանդերձ շարունակում է երազել կյանքի մասին։ Նա կարծես հիշեցնում է, որ մարդու մեջ ապրելու ցանկությունը չի ենթարկվում ո՛չ տարիքին, ո՛չ հասարակական արգելքներին, ո՛չ էլ ուրիշների սահմանած օրենքներին։

Լռության գինը․ ողբերգական հանգուցալուծում

Ներկայացման ամբողջ ընթացքը աստիճանաբար տանում է դեպի անխուսափելի ողբերգությունը։ Պեպեի շուրջ ծավալվող հակամարտությունը, չիրականացած սերը, խանդը, ճնշված ցանկությունները և տան ներսում կուտակված լարվածությունը հասնում են իրենց գագաթնակետին։

Քույրերից մեկի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով, դառնում է այդ փակ աշխարհի վերջնական փլուզումը։ Սա պարզապես անհատական ողբերգություն չէ։ Դա մի ամբողջ ընտանիքի, մի ամբողջ միջավայրի և այն հասարակական համակարգի պարտությունն է, որտեղ մարդու ներաշխարհը, զգացմունքներն ու ազատ ընտրությունը զոհաբերվում են արտաքին պատկերի պահպանմանը։

Եվ այստեղ կրկին հնչում է Բեռնարդա Ալբայի՝ ներկայացման ամենացնցող եզրափակիչ միտքը. «Բեռնարդա Ալբայի տանը կույս է մեռել, կո՜ւյս…»։ Այս խոսքերը, որոնք կարծես պետք է հաստատեին տան պատիվն ու մոր իշխանությունը, իրականում դառնում են ողբերգության ամենադաժան արձագանքը։ Մահացած դստեր ճակատագիրը երկրորդ պլան է մղվում, իսկ պահպանված կուսությունը հայտարարվում է որպես ընտանիքի հաղթանակ։ Բեռնարդայի համար կարևոր է ոչ թե այն, որ իր դուստրը մահացել է, այլ այն, թե ինչ պետք է մտածեն ուրիշները։

Եվ հենց այդտեղ է ներկայացման ամենասարսափելի ճշմարտությունը․ երբ հասարակական կարծիքը մարդու կյանքից ավելի կարևոր է դառնում, պատիվը վերածվում է պատժի, իսկ բարոյականությունը՝ բռնության գործիքի։

Նելլի Խերանյանի Բեռնարդան․ իշխանություն՝ սեփական տան պատերի ներսում

Բեռնարդա Ալբայի կերպարի կենտրոնում Նելլի Խերանյանն է։ Դերասանուհին մարմնավորում է մի կնոջ, որի իշխանությունը տարածվում է տան յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր խոսքի, հայացքի և շարժման վրա։ Նրա Բեռնարդան պարզապես խիստ մայր չէ․ նա մի ամբողջ փակ աշխարհի տիրակալն է, որտեղ ամեն ինչ պետք է ենթարկվի իր կամքին։

Նելլի Խերանյանի խաղում առանձնահատուկ ընդգծված է այդ իշխանության ներքին մեխանիզմը։ Բեռնարդան չի հանդուրժում հակաճառություն, չի ընդունում այլ կարծիք, չի ցանկանում անգամ լսել այն, ինչ կարող է խաթարել իր հաստատած կարգուկանոնը։ Նրա համար ընտանիքի պատիվը վեր է ամեն ինչից, նույնիսկ սեփական դուստրերի երջանկությունից ու կյանքից։

Դերասանուհու կերպարը կառուցվում է ոչ միայն խոսքի ու հրամայական ինտոնացիաների, այլև ներկայության, մարմնի լեզվի, հայացքի և լռության միջոցով։ Բեռնարդան կարող է իշխել նույնիսկ այն պահին, երբ լռում է։ Նրա ներկայությունն ինքնին ճնշող է, և այդ ճնշման ներքո տան յուրաքանչյուր բնակիչ կարծես ստիպված է անընդհատ վերահսկել սեփական զգացմունքներն ու ցանկությունները։

Հատկանշական է, որ Նելլի Խերանյանի Բեռնարդան միաժամանակ վախեցնող է և ողբերգական։ Նա ոչ միայն բռնապետական իշխանության կրողն է, այլև այն հասարակական մտածողության գերին, որի օրենքները փոխանցվել են սերնդեսերունդ։ Նա պաշտպանում է մի կարգ, որն ի վերջո կործանում է իր իսկ ընտանիքը։ Եվ երբ վերջում հնչում է նրա՝ «Բեռնարդա Ալբայի տանը կույս է մեռել, կո՜ւյս…» արտահայտությունը, այն արդեն ոչ թե պարզապես մոր խոսք է, այլ ամբողջ կերպարի աշխարհայացքի դաժան ամփոփումը։ Մահվան առջև անգամ նա չի հրաժարվում իր օրենքներից։ Նրա համար արտաքին պատկերը շարունակում է ավելի կարևոր լինել, քան մարդկային կորուստը։

Դստրերից Ադելան Պեպեի հետ գաղտնի սիրային կապ է ունեցել, և դա արդեն հայտնի է դառնում ընտանիքի անդամներին։ Ավելին՝ Բեռնարդան ինքն էլ հասկանում է կատարվածը։ Երբ Պեպեն փախչում է, իսկ Ադելան, կարծելով, թե մայրը սպանել է նրան, ինքնասպան է լինում, Բեռնարդան ոչ թե առաջին հերթին սգում է դստեր մահը, այլ մտածում է, թե ինչ կասեն հարևանները։ Նա հրամայում է դստերը հագցնել կույսի պես և հայտարարում. «Իմ աղջիկը մահացել է կույս։ Կո՜ւյս… Ոչ ոք չպետք է համարձակվի հակառակն ասել»։

Այսինքն՝ Բեռնարդան գիտակցաբար պարտադրում է կեղծ իրականություն։ Նա ցանկանում է ամբողջ գյուղին ցույց տալ, որ իր տանը, նույնիսկ այս ողբերգությունից հետո, պահպանվել է բարոյական անբասիրության պատկերը։ Բեռնարդայի խոսքը կարելի է ընկալել նաև որպես ցուցադրական, գրեթե ամբոխին ուղղված հայտարարություն՝ տեսե՛ք, տեսե՛ք, իմ տանը նույնիսկ մահը չկարողացավ արատավորել պատիվը։ Իմ աղջիկը, չնայած այն ամենին, ինչ կատարվել է, մահացել է կույս։ Բայց այդ հայտարարության մեջ կա նաև սարսափելի հեգնանք։ Հանդիսատեսը գիտի ճշմարտությունը, Բեռնարդան էլ գիտի կամ առնվազն չի կարող չկասկածել ճշմարտությանը, բայց նա շարունակում է պարտադրել իր վարկածը։ Սա ոչ թե պարզապես ինքնախաբեություն է, այլ ճշմարտությունը լռեցնելու և հանրային կարծիքը վերահսկելու փորձ։

Կույս լինելու մասին խոսքերը լսելիս առաջին հերթին հասկանում ես, որ Բեռնարդայի համար նույնիսկ սեփական դստեր մահը չի կարող ավելի կարևոր լինել, քան ընտանիքի արտաքին պատկերի պահպանումը։ Նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել Ադելայի և Պեպեի միջև, գիտի դստեր գաղտնի սիրային կապի մասին, բայց ողբերգության վերջին պահին փորձում է ոչնչացնել ոչ թե կատարվածի հետևանքները, այլ դրա մասին ճշմարտությունը։ Նրա բարձրաձայն, համառ հայտարարությունը կարծես ուղղված է ոչ այնքան տան ներսում գտնվող դուստրերին, որքան ամբողջ գյուղին, հարևաններին, հասարակական դատաստանին։ Տեսե՛ք, կարծես ասում է նա, իմ տանը նույնիսկ այսպիսի ողբերգությունից հետո բարոյականության օրենքը չի խախտվել։ Իմ դուստրը մահացել է կույս։

Այստեղ Լորկան բացահայտում է Բեռնարդայի աշխարհայացքի ամենադաժան կողմը։ Նրա համար իրականությունը կարող է լինել ցանկացածը, բայց հանրությանը պետք է ներկայացվի միայն այն, ինչը համապատասխանում է պատվի ու բարոյականության իր պատկերացումներին։ Աղջկա իրական կյանքը, սերը, ապրած զգացմունքներն ու մահը նահանջում են արտաքին պատկերի առջև։ Եվ որքան բարձր է հնչում «կո՜ւյս» բառը, այնքան ավելի ակնհայտ է դառնում դրա հակառակ ճշմարտությունը։

Բեռնարդան կարծես վերջին անգամ է փորձում հաղթել։ Բայց այդ հաղթանակը միայն արտաքին է։ Նա կարող է պարտադրել լռություն, կարող է թելադրել, թե ինչ պետք է ասեն մյուսները, բայց այլևս չի կարող վերադարձնել դստեր կյանքը։ Այս տանը նույնիսկ մահը չի ազատում մարդուն Բեռնարդա Ալբայի իշխանությունից։ Իսկ ճշմարտությունը, որին նա փորձում է լռեցնել, արդեն հայտնի է բոլորին։

Գրետա Մեջլումյանի աղախինը․ ճշմարտությունը, որը գիտի տան բոլոր գաղտնիքները

Եթե Նելլի Խերանյանի Բեռնարդան տան իշխանությունն է, ապա Գրետա Մեջլումյանի աղախինը այդ տան իրականության ամենասուր դիտորդներից մեկն է։ Դերասանուհու կատարումն առանձնանում է իր ազդեցիկությամբ և տպավորիչ բեմական ներկայությամբ։ Աղախինը երկրորդական կերպար չէ, որը պարզապես սպասարկում է տան տիրուհուն կամ կատարում կենցաղային պարտականություններ։ Նա այդ տան ներսում ապրող, ամեն ինչ տեսնող ու լսող, մարդկանց իրական բնավորություններին ու թաքուն ցանկություններին ծանոթ մարդն է։

Նրա կերպարում կա կյանքի փորձ, դիտողականություն, երբեմն՝ հեգնանք, երբեմն՝ դառնություն, բայց ամենից առաջ՝ իրականությունը չքողարկելու համարձակություն։ Նա գիտի այն, ինչ մյուսները փորձում են թաքցնել, նկատում է այն, ինչ տան տիրուհին չի ցանկանում տեսնել, և իր խոսքում հաճախ հնչեցնում է այն ճշմարտությունը, որ մյուսները գերադասում են լռությամբ շրջանցել։ Գրետա Մեջլումյանի աղախինը կարծես տան ներսում գործող լուռ խղճի ձայնն է։ Նա իշխանություն չունի, բայց ունի տեսնելու և հասկանալու կարողություն։ Նա չի կարող փոխել Բեռնարդայի հաստատած օրենքները, սակայն իր ներկայությամբ բացահայտում է այդ օրենքների իրական գինը։

Հատկապես հետաքրքիր է նրա և Բեռնարդայի հարաբերությունների հակադրությունը։ Մեկը հրամայում է, մյուսը ստիպված է ենթարկվել, բայց նրանց միջև գոյություն ունի նաև մի այլ՝ մարդկային ու հոգեբանական հարթություն։ Աղախինը տեսնում է Բեռնարդայի ուժի հետևում թաքնված վախը, իսկ Բեռնարդան իր հերթին չի կարող ամբողջությամբ անտեսել նրա իմացությունն ու ներկայությունը։

Գրետա Մեջլումյանի խաղն այս կերպարին հաղորդում է ինքնուրույն դրամատիկ նշանակություն։ Նրա աղախինը ոչ միայն ներկա է տան ողբերգությանը, այլև կարծես հասկանում է դրա անխուսափելիությունը։ Երբեմն հենց այն մարդիկ են ամենից լավ տեսնում մոտալուտ աղետը, որոնք չունեն այն կանխելու ոչ մի հնարավորություն։

Գալուստ Ներսիսյանի ռեժիսորական լուծումը․ հանդիսատեսը՝ ողբերգության ներսում

Գալուստ Ներսիսյանի ռեժիսորական աշխատանքում առանձնահատուկ ուշադրության է արժանի բեմական տարածության կազմակերպումը։ Հանդիսատեսին բեմի վրա տեղավորելու և դերասաններին խաղացնելու որոշումը ներկայացման հոգեբանական ներգործության կարևոր բաղադրիչն է։

Ռեժիսորը չի սահմանափակվում Լորկայի դրամայի սյուժետային վերարտադրությամբ։ Նա ստեղծում է փակ, խիտ և լարված միջավայր, որտեղ հանդիսատեսը չի կարող մնալ արտաքին դիտորդ։ Բետոնե պատի ճռնչյունով իջնելը դառնում է այդ աշխարհի մուտքի խորհրդանշական պահը։ Այն կարծես փակում է ոչ միայն բեմական տարածությունը, այլև հանդիսատեսի՝ տեղի ունեցողից հեռու մնալու հնարավորությունը։

Պեպեի ֆիզիկական բացակայությունը, բայց մշտական ներկայությունը մյուս կերպարների գիտակցության մեջ ու հարաբերություններում, ռեժիսորական լուծումների կարևոր առանցքներից է։ Տղամարդը չի հայտնվում բեմում, սակայն նրա շուրջ կառուցվող հակասությունները շարժման մեջ են դնում ամբողջ դրաման։

Ներսիսյանի բեմադրության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ ընտանեկան ողբերգությունը չի սահմանափակվում միայն հինգ քույրերի հակամարտությամբ։ Հարևանի հարսի պատմությունը, Բեռնարդայի մոր կերպարը, աղախնների դիտողական ու ազդեցիկ ներկայությունը ընդլայնում են ներկայացման հասարակական և հոգեբանական շրջանակը։

Այս բեմադրության մասին խոսելիս կարևոր է հիշել նաև Վահե Շահվերդյանի ստեղծած բեմադրական տարբերակի շարունակականությունը։ Գալուստ Ներսիսյանը երկար տարիներ աշխատել է Վահե Շահվերդյանի հետ և քաջածանոթ է նրա թատերական մտածողությանը։ Այս վերաբեմադրությունը նաև հարգանքի ու ստեղծագործական ժառանգության շարունակության յուրահատուկ փորձ է։

Վարդան Մկրտչյանի ղեկավարած թատրոնը․ դասական երկեր և նոր բեմական որոնումներ

«Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման պրեմիերան կարևոր իրադարձություն է նաև Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 105-րդ թատերաշրջանի համատեքստում, նաև՝ այն առումով, որ թեև նոր բեմադրությամբ, բայց վերադարձվում է Վահե Շահվերդյանի ներկայացումը։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարած թատերաշրջանի ծրագրում նկատելի է խաղացանկի ընդլայնման, նոր բեմադրական համագործակցությունների և հանդիսատեսի հետ հաղորդակցության նոր ձևերի որոնման ձգտումը։ Այս մասին խոսվել է նաև թատերաշրջանի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում, որտեղ ներկայացվել են առաջիկա պրեմիերաներն ու թատրոնի զարգացման ծրագրերը։

«Բեռնարդա Ալբայի տունը» այս առումով հետաքրքիր ընտրություն է։ Լորկայի դասական դրաման հնարավորություն է տալիս ոչ միայն վերադառնալ համաշխարհային դրամատուրգիայի նշանակալի ստեղծագործություններից մեկին, այլև այն ներկայացնել ժամանակակից թատերական լեզվով՝ փորձարկելով տարածությունը, հանդիսատեսի ներգրավվածությունը և դերասանական խաղի անմիջականությունը։

Թատրոնի ղեկավարության համար նման բեմադրությունների կարևորությունը միայն խաղացանկի համալրումը չէ։ Դրանք նաև հնարավորություն են՝ վերաիմաստավորելու մայր թատրոնի բեմական հնարավորությունները, ներգրավելու ստեղծագործական տարբեր մտածողություններ և հանդիսատեսին առաջարկելու ոչ միայն ծանոթ ստեղծագործությունների նոր ընթերցումներ, այլև թատրոն այցելելու նոր փորձառություն։

Սունդուկյանի անվան թատրոնի այս պրեմիերան ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դասական դրամատուրգիան թանգարանային արժեք չէ։ Այն կարող է շարունակել ապրել, անհանգստացնել, հարցեր առաջադրել և ստիպել հանդիսատեսին վերադառնալ իր տեսածին՝ ներկայացման ավարտից շատ հետո։

Լորկայի ողբերգությունը՝ ժամանակից դուրս

Ֆեդերիկո Գարսիա Լորկան «Բեռնարդա Ալբայի տունը» գրել է 1936 թվականին՝ իր սպանությունից քիչ առաջ։ Ստեղծագործությունը նրա դրամատուրգիական ժառանգության ամենանշանակալի գործերից է, որտեղ իսպանական գյուղական միջավայրի, ավանդապաշտության և հասարակական խստությունների պատկերն աստիճանաբար վերածվում է մարդկային ազատության համընդհանուր ողբերգության։

Թեև պիեսի գործողությունները կապված են որոշակի ժամանակի ու միջավայրի հետ, նրա բարձրացրած հարցերը երբեք չեն սահմանափակվել միայն իսպանական իրականությամբ։ Որտե՞ղ է ավարտվում ավանդույթը և սկսվում բռնությունը։ Ո՞վ է իրավունք տալիս մեկ ուրիշին տնօրինելու մարդու կյանքը։ Կարո՞ղ է ընտանիքը դառնալ բանտ, իսկ սերը՝ թշնամանքի պատճառ։

Սունդուկյանի թատրոնի բեմադրությունն այս հարցերը տեղափոխում է անմիջական թատերական տարածություն։ Հանդիսատեսին ընդամենը երկու մետր հեռավորության վրա գործող կերպարները, թիկունքից ճռնչյունով իջնող բետոնե պատը, աններկա տղամարդու շուրջ ձևավորվող դրամատիկ լարվածությունը և վերջնական ողբերգական հանգուցալուծումը ստեղծում են մի ամբողջական մթնոլորտ, որտեղ արտաքին գործողությունը մշտապես ուղեկցվում է ներքին փոթորկով։

 

Այս ներկայացման մեջ ամեն ինչ կարծես փակված է՝ տարածությունը, խոսքը, զգացմունքները, նույնիսկ ապագայի հնարավորությունը։ Բայց որքան ուժեղ է փակվածության զգացումը, այնքան ավելի ակնհայտ է դառնում ազատության պահանջը։

Բեռնարդա Ալբայի տունը միայն մեկ ընտանիքի պատմությունը չէ։ Այն այն հասարակության խորհրդանիշն է, որտեղ պատերը երբեմն ավելի բարձր են, քան մարդու ձայնը, որտեղ չասված խոսքերը վերածվում են ամենամեծ աղմուկի, իսկ չապրած կյանքերը՝ ողբերգության։

Սիմոն Սարգսյան

May be an image of text