Եթե որեւէ մեկը կիսում է կյանքի իմ ընկալումը, ես դա ուրախությամբ արձանագրում եմ՝ հաճելի է գիտակցել, որ մենակ դու չես այդպես մտածում: Բայց եթե կա հակառակ ընկալումը՝ դա չպիտի առաջացնի իմ զայրույթն ու ցասումը:
Դրական զգացմունքներ արտահայտելը նորմալ է, բացասականի հարցում պետք չի շտապել: Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի դիրքորոշումը, որը չցանկացավ հանդիպել Փաշինյանի հետ: Այդ անձնավորության հետ մեկ սենյակում գտնվելը ու նույն օդը շնչելը ինձ համար էլ ծանր կլիներ: Բայց դա չի նշանակում, որ Մխիթարյանին պետք է հակադրել մեր այն հրաշալի սպորտսմեններին, որոնք հանդիպել են վարչապետի հետ:
Ինձ թվում է, սխալ է այդ մարզիկներին «ամոթանք տալը»՝ մարդկանց, որոնք մարզվում են, մեղմ ասած, ոչ իդեալական պայմաններում եւ, չնայած դրան, մեզ՝ հայերիս, հպարտության պահեր են պարգեւում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ի տարբերություն դրա՝ այն հետքը, որը մարդկանց սրտերում թողնում են հակառակություններն ու պառակտումները, շատ ավելի երկարատեւ ազդեցություն է թողնում հասարակության վրա:
Ստեղծել սեփական սահմանափակ աշխարհը եւ ապրել այդ «ինֆորմացիոն փուչիկի» մեջ՝ դա այսօրվա շատ տարածված եւ շատ վտանգավոր միտումներից մեկն է: Ընդ որում այդ «փուչիկները» կարող են առաջանալ ամենատարբեր առիթներով: Բոյկոտո՞ւմ եք 150 դրամ ուղեվարձը՝ լավ եք անում, ձեր իրավունքն է:
Բայց մի՛ հարձակվեք այն մարդկանց վրա, որոնք չեն միանում բոյկոտին, մի՛ պիտակավորեք նրանց որպես «վախկոտ» կամ «վատ քաղաքացի»: Այդ «փուչիկներից» «հ/կ-ական ակտիվիզմի» հոտ է գալիս:
Այդ «ակտիվիստներից» շատերն այսօր ՔՊ-ական պատգամավորներ են, իսկ եթե նույնիսկ պատգամավոր էլ չեն, քաղաքագետ-փորձագետ-հասարակական գործչի կարգավիճակով ամեն օր տարբեր եթերներում պաշտպանում են իշխանություններին: Բայց իմ ցանկությունն այն է, որ իշխանափոխությունից հետո անհանդուրժողականության, ոհմակային մտածողության վրա հիմնված այդ տեսակի «ակտիվիզմն» ընդհանրապես վերանա, ոչ թե «ՔՊ» ցուցանակը փոխվի մեկ ուրիշի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան