Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», – նշել է նա։
Վերջինս ասել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:
«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։
Ռուսաստանը հանդես է գալիս նրա օգտին, որ Հայաստանը և Ադրբեջանը «մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և ական չի դնի ապագա սերունդների համար», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հայկական կողմին կոչ է արել «շարունակել աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ»։
Գալուզինը հավելել է, որ Արևմուտքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է «ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ Մոսկվայի համար լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելուն»։
Նրա կարծիքով, «արևմտյան շրջանակները փորձում են օգտագործել այս տարածաշրջանը Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու համար, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փորձում են համոզել առանձին երկրներին երկրորդ ճակատ բացել իր դեմ»։
Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել