20/03/2025

Խնդիրը ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելն է, այլ այդ շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելը. Զեյնալյան

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը տնտեսական առումով ԵԱՏՄ–ի հետ կապերը խզելու նպատակ չի հետապնդում. նպատակը ԵԱՏՄ–ի շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելն է:

Սյս մասին ԱԺ նիստում ասել է Արտակ Զեյնալյանը, որը խորհրդարանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողն է։

«Այս պահի դրությամբ Հայաստանը համապատասխանեցնում է իր ստանդարտներն ու կանոնակարգերը: Մեծ գումարներ են ներդրվում լաբորատորիաների վրա, որ կարողանանք արտադրանքի որակը ստուգել, որ այն համապատասխանի ԵՄ-ի չափանիշներին: Ասեմ ավելին՝ ԵԱՏՄ-ում գործող ստանդարտներն ու կանոնակարգերը ԵԱՏՄ-ում չի, որ ստեղծվում են, դրանք վերցվում են ԵՄ-ից, նվազեցվում, կրճատվում են և ստեղծվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները: Եվ, եթե մեր ստանդարտները համապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին, ապա դրանց մեջ կլանվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները»,-նշել է Զեյնալյանը՝ հավցելելով, որ խնդիր դրված չէ 185 միլիոնանոց շուկան փոխարինել 450 միլիոնանոց շուկայով:

Ըստ Զեյնալյանի՝ ճիշտ հակառակն է. խնդիր է դրված 185 միլիոնանոց շուկան լրացնել 450 միլիոնանոց շուկայով, որը կոմպակտ է, կա լոգիստիկա:

«ԵԱՏՄ-ի տարածքն ահռելի է, տարածությունները մեծ են, լոգիստիկայի վիճակը չի կարող համեմատվել ԵՄ-ի լոգիստիկ ցանցերի հետ»,- հավելել է Զեյնալյանը:

Նա վստահեցրել է, որ ներկայացված օրենքի նախագիծը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին է, ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելու և ԵՄ մտնելու. «Խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելը չէ: Հայաստանը ԵԱՏՄ-ից վերջնագիր կամ հայտարարություն չի ստացել կառույցից դուրս գալու վերաբերյալ, իսկ առանձին երկրների պաշտոնյաների հայտարարությունները դեռևս այդ երկրների պաշտոնական դիրքորոշումները չեն արտահայտում»: