23/02/2025

Աֆրիկյան պետություններում հեղաշրջում անելով հայտնի եղբայրները կուսակցություն են հիմնել

«Սրբազան շարժման» նախկին երկրպագու «Արթուր Բրադերս»-ի «բրադեր»-ներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել ինքնուրույն՝ սեփական կուսակցությունն ստեղծելով, որին տվել է, հիրավի, ռազմահայրենասիրական մի անվանում՝ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ և ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ»։

Ճաշակին ընկեր չկա, ինչպես ասում են։ Սույն կուսակցության հիմնադիր համագումարը, ինչպես civic.am-ը տեղեկացավ «Ազդարար» հարթակից, կկայանա մարտի 9-ին, Սայաթ-Նովա փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում։ Նախորդ տարվա հունիսի 3-ին, հիշեցնենք, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հանդիսավոր ազդարարեց, որ շարժմանն են միացել «հայորդիները Քենիայից», և նրանցից երկուսին՝ Արտակին և Արթուրին, բեմահարթակ հրավիրեց։

Նշենք, որ հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյաններին ԱԱԾ-ն ձերբակալել էր՝ եղբայրները կասկածվում էին ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանք 72 ժամ անց ազատ արձակվեցին, այժմ էլ վարչական վերահսկողության տակ են։

Ովքեր չեն ճանաչում Սարգսյան եղբայրներին, հիշեցնենք՝ նրանք հայտնի էին սկանդալային պատմություններով մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, և նրանց անունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են միջազգային մամուլի լրահոսում։ «Արթուր եղբայրները» վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։ Ինչպես գրել էր «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հիշյալ եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվել են 2005 թվականից, որոնց համաձայն՝ նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։

Նշենք, որ «հայրենափրկչական» այս կուսակցության անվանումով ֆեյսբուքյան էջ է գործում, որտեղ հրապարակվում են Արտակ Սարգսյանի՝ կուսակցության նախագահի «վերլուծությունները» ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՝ տրանսպորտի գնից մինչև համընդհանուր հայտարարագրում, կրթությունից մինչև տարազ, օդի աղտոտվածությունից մինչև «քենիական փորձ»՝ մասնավորապես, թե ինչպես կվարվեր ինքը, եթե այս կամ այն իրավիճակը լիներ Քենիայում։

Իր լայվերից մեկում Արտակ Սարգսյանը մասնավորապես անդրադառնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվան և նշում՝ «շնորհավորելու ոչ մի առիթ չունեմ մի բանակի, ով որ հեռադիտակներով նայում էր, թե 150 հազար ժողովուրդ ինչպես էր զբաղվում իր սիրած, մեր ազգի սիրած գործով՝ գաղթով։ Խոսք եմ տալիս՝ հանելու եմ էդ բառը մեր բառարաններից, որ սերունդները էլ չիմանան էդ բառն ինչ ա։ Ես էդ բանակին շնորհավորելու չունեմ, որ տեսնում էին, թե ինչպես են սահմանի վրա հայերին ձերբակալում, և նրանք ինչ-որ գիդի դեր էին տանում, այս կողմում ջուր էին տալիս։ Ես մեր զինվորներին մաղթում եմ համբերություն և երախտապարտություն, որպեսզի մի քիչ էլ դիմանան, էս լրիվ փոխվելու ա»։ Մեկ ուրիշ լայվում էլ նշում է՝ տվեք մեզ ոչ թե ձեր ձայնը, այլ՝ ձեր սիրտը, ձայնն ում ուզում եք՝ տվեք, կուզեք՝ ծախեք։ «Ես ձեզ խոստանում եմ՝ եթե ձեր սիրտը 6 ամիս տաք մեզ, եթե Ալիևը մինիմում չգտնվի հայկական բանտում, նա ինքն է խնդրելու, որ միջագային դիտորդները գան և պաշտպանեն իր պետությունը։ Իսկ եթե գտնվի հայկական բանտում, իրա կամերայի վրա կփակցնենք «Արևմտյան Ադրբեջան», և հարկադրաբար ամեն օր կսովորի Հայաստանի պատմություն։ Ոնց կհարկադրենք՝ տարբեր ձևեր կա։ Տոկով շան «օշեյնիկ» կհագցնենք վզին, որ չսովորի կամ սխալ պատասխանի՝ տոկի կտանք»,- նշում է նորահայտ հայրենափրկիչը։

Ժամանակ առաջ էլ սույն էջում հրապարակվել է համանուն շարժման ծրագիրը՝ կազմված կուսակցության թիմի կողմից։ Այն վերնագրված է «Հայաստանի Հանրապետության վերափոխման հայկական ուղի՝ առանց նարնջագույն կամ կարմիր հեղափոխությունների, թշնամանքի, բախումների և հակաօրինական գործողությունների»։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր չլուծվող հարցերը՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական, ռազմական, արտաքին քաղաքականության և այլն, ուղղակի կամ անուղղակի կախված են սահմանադրությունից, պետական կառավարման համակարգից։ Սկսած գյուղական համայնքների խնդիրներից մինչև հանրապետական հիմնահարցեր՝ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, նախարարների, նախագահների և պետական մնացած բոլոր չինովնիկների անարդյունավետ և անօրինական աշխատանքի հիմնական պատճառը սահմանադրությամբ ներդրված անպատժելիության համակարգն է։ Այն նպաստում է, որ պետական աշխատողները ծառայեն իրենց շահերին և տերերին, այլ՝ ոչ ժողովրդին։ Վերը նշված հարցերի պատասխանը մեկն է՝ Ժողովրդի ձեռքից խլված իշխանության վերադարձ»,- մասնավորապես նշված է կուսակցության ծրագրում։