21/02/2025

Երբ բոլորը կռվում են բոլորի դեմ, դա նիկոլականության ծաղկման առաջին նախապայմաններից է

Չեմ պատրաստվում մեկ առ մեկ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ասածներն իր վերջին ասուլիսի ժամանակ: Ինչ-որ բան ճիշտ էր, որոշ բաներ՝ սխալ: Ինչ-որ դրվագներ լավ չէր հիշում կամ գուցե հատուկ էր խեղաթյուրում՝ լավ լույսի տակ երեւալու համար:

Այդ հիշողությունների մի մասը, եթե ինձ հարցնեք, զավեշտի ոլորտից է. 70 տարեկան մարդուն, կարծում եմ, չպիտի մտահոգի, թե 25 տարի առաջ ով ում էր «շեֆ» ասում:

Ինչ խոսք, ճիշտն ու սուտը իրար խառնելը հատուկ է քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությանը, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Սակայն մեր օրերում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ այն, թե ինչ էֆեկտ է դա թողնում: Եվ այդ առումով կարելի է հստակ արձանագրել, որ նման ասուլիսները նվեր են Փաշինյանին:

Տրանսպորտի թանկացումը, հարկերի բարձրացումը, «համընդհանուր հայտարարագրումը» մեծ դժգոհություն է առաջացրել իշխանություններից: Եվ այս պահին ասպարեզ է դուրս գալիս մեկը, որը կամա թե ակամա իր վրա է քաշում այդ դժգոհության մի մասը: Եթե դավադրության տեսության կողմնակից լինեի, կմտածեի, որ դա հատուկ է արվում:

Պարզ չէ՞ր, որ ՔՊ-ականներն ու նրանց հ/կ-ական քարոզիչները մի կողմից եւ առաջին նախագահի կողմնակիցները՝ մյուս կողմից, կսկսեն անողոք քննադատել Քոչարյանի ամեն մի ասածը՝ այդպիսով շեղելով հասարակական օրակարգը խորացող սոցիալական խնդիրներից: (Ինչպես հայտնի է, ազգային խնդիրները՝ Արցախի կորուստը, պետության հարաճուն թուլացումը, քչերին են հուզում):

Ո՞ւմ է ձեռնտու. քաղաքականության մեջ, կարծում եմ, դա պետք է լինի առանցքային հարցը: Եվ այդ հարցի պատասխանը տվյալ դեպքում հայտնի է: Ընդդիմությունը չպիտի «միավորվի»՝ դա անիմաստ է եւ միայն կթուլացնի դրա մեջ մտնող միավորները՝ այս հարցում Քոչարյանն իրավացի է:

Բայց վստահ եմ, որ ընդդիմադիր կուսակցություններն ու խմբերը պետք է համագործակցեն, ներդաշնակեն իրենց քայլերն ու հայտարարությունները, ոչ թե փորձեն մեկը մյուսի հաշվին միավորներ հավաքել: Երբ բոլորը կռվում են բոլորի դեմ, դա նիկոլականության ծաղկման առաջին նախապայմաններից է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am