23/02/2025

Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ապահովման պատասխանատվությունը. Մակրոն

Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։

Այս մասին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X-ի իր միկրոբլոգում։

Ըստ Մակրոնի, փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն առաջիկա օրերին ու շաբաթներին։