20/03/2025

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմ է կորցրած մեծ, սակայն մենակ մարդու մասին․ Լուսանկարներ

Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը։

Հրավիրված ասուլիսում հարց հնչեց՝ ինչո՞ւ վերջին սպարապետ։ Նոնո Սարգսյանը նախ ընդգծեց, որ այն ենթատեքստ չունի։ Սպարապետի կերպարը մարմնավորել է դերասան Խորեն Լևոնյանը, Գրետա Մայրիկի դերը` Մարջան Ավետիսյանը: Ֆիլմում արտացոլված է նաև սպարապետի սիրո պատմությունը` երիտասարդ մի կնոջ նկատմամբ, ինչը հանրության շրջանում քննարկման առիթ է դարձել:

Մենք տեղեկացանք, որ ֆիլմի նկարահանման ողջ ծախսերը հոգացել և կազմակերպչական հարցերով զբաղվել են սպարապետի մեծ եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն ու փեսան` գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը:

Վազգենի ավագ եղբոր ընտանիքի նախաձեռնությունն է

«Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք»: Այսպիսին էր Վազգեն Սարգսյան մարդը, քաղաքական գործիչն ու սպարապետը. հզոր, խրոխտ ու անկոտրում, որին թեև փորձեցին լռեցնել, սակայն նրա մահն անգամ այնքան աղմկոտ էր, որ մինչև օրս չի լռում:

Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Նոնո Սարգսյանն ասում է, որ սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը, որից հետո միայն կկարողանա լիարժեք շնչել, ապրել: Նա անկեղծանում է՝ ֆիլմի նկարահանման ամբողջ գործընթացը շատ ծանր ու զգայական է եղել թե՛ իր, թե՛ ամբողջ թիմի համար: Հատկապես ծանր է տրվել ֆիլմի ավարտը, քանի որ հասուն տարիքում հորեղբորը հանդիպելուց հետո ստիպված է եղել նորից կորցնել նրան, բաց թողնել:

Կռիվ ունի կյանքի ու անարդարության դեմ, ասում է նա, ոչ միայն հորեղբոր հետ կապված, այլ պատերազմի խլած՝ յուրաքանչյուր երիտասարդի համար: Իսկ կռվելու իր մեթոդը արվեստն է:

Վազգեն Սարգսյանի դերում վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է, ով շա՛տ ընդհանրություններ է գտել Վազգեն Սարգսյանի հետ՝ պատանեկության տարիներից սկսած, խոստովանում է՝ շատ մեծ դժվարություններ է ունեցել դերը կերտելիս, որովհետև շատ դեպքերի ու դրվագների հետ չի կարողացել համակերպվել: Արտիստը նկատում է՝ մենք երբեք չենք գնահատում մեր ունեցածը՝ մինչև չենք կորցնում. սա ֆիլմ է կորցրած մեծ, սակայն մենակ մարդու մասին: