27/10/2025

Ինչ է պատասխանել Ադրբեջանը. միջանցքի պահանջից չեն հրաժարվում

Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել:

«Հրապարակ» գրում է․ Փաշինյանը երեկ ասաց, որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են: Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։

Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում։